Flydubai ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է դեպի Իսրայել և հակառակ ուղղությամբ չվերթերը՝ մինչև Թել Ավիվ մեկնող ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի հետաքննության ավարտը, ՏԱՍՍ-ին հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչը։
«Սեպտեմբերի 30-ին FZ 1073 չվերթի հետ կապված միջադեպից հետո, ինչպես նաև համապատասխան գերատեսչությունների հետ համակարգման շրջանակում, Flydubai-ի՝ դեպի Իսրայել և հակառակ ուղղությամբ չվերթերը հետաքննության ընթացքում կդադարեցվեն»,- հայտնել են ընկերությունից։
Flydubai-ում նշել են, որ չվերթերի ժամանակավոր դադարեցումը հնարավորություն կտա իրավասու մարմիններին շարունակել աշխատանքը և պարզել միջադեպի բոլոր հանգամանքները։
Ավիաընկերությունը հայտնել է, որ լիովին աջակցում է ընթացող հետաքննությանը և սերտորեն համագործակցում է պետական մարմինների, կարգավորող կառույցների և օդանավակայանների ղեկավարության հետ։ Չվերթերը դադարեցնելու որոշումը կվերանայվի նոր տեղեկությունների ստացմանը զուգահեռ։
Flydubai-ը նաև ներողություն է խնդրել այն ուղևորներից, որոնց ծրագրերը խաթարվել են և խոստացել հնարավորության դեպքում առաջարկել այլընտրանքային տարբերակներ։
Սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ մեկնող Flydubai-ի FZ 1073 չվերթն արտակարգ վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուք քաղաքում։ Flydubai-ը հաստատել էր, որ օդանավում միջադեպ է տեղի ունեցել, սակայն բոլոր ուղևորներն անվնաս են վայրէջք կատարել։
Ըստ ԶԼՄ-ների՝ երկրորդ օդաչուն հարձակվել էր օդաչուի վրա և փորձել կործանել ինքնաթիռը։ Ուղևորներն ու անձնակազմի անդամները միջամտել էին և վնասազերծել հարձակվողին, իսկ ինքնաթիռը հետագայում անվտանգ վայրէջք էր կատարել։ Միջադեպի դրդապատճառները դեռևս քննվում են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







