Իշխանամետ բլոգեր Գևորգ Թարջումանյանին, որը հայտնի է Georgх կեղծանունով, տարել են Պարեկային ծառայություն, երբ կանգնեցրել են առանց վարորդական իրավունքի և պետական համարանիշերի մեքենա վարելու համար։ Ավելի ուշ նրան բաց են թողել։ Այս մասին Armenia Today-ին հայտնել է ՆԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Նշվում է, որ Թարջումանյանի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ, իսկ նյութերը նախատեսվում է ուղարկել Քննչական կոմիտե։ Բլոգերին կանգնեցրել են առավոտյան՝ Ավան վարչական շրջանում։
Թարջումանյանին ավելի վաղ արդեն մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող կամ այդ իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ նրա նկատմամբ նախկինում ստացվել էր նմանատիպ խախտման մասին երկու հաղորդում՝ ապրիլի 24-ին և օգոստոսի 21-ին։ Դրվագներից մեկով գործն արդեն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ բլոգերի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, կիրառվել է երկրից դուրս գալու արգելք։
Մայիսին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել նախագծի, որով առաջին անգամ վարորդական իրավունքից զրկվածները կկարողանան զրկման ժամկետի ավարտից հետո վերականգնել այն՝ առանց քննություն հանձնելու։ Առաջարկվում է վճարել 50 000 դրամ պետական տուրք և անցնել մեկամյա փորձաշրջան՝ տուգանային միավորների նվազեցված քանակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







