Գլխավոր դատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին պաշտոնյա Աշոտ Արզումանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել շուրջ 20 գույք և մոտ 1,6 միլիարդ դրամ (մոտ 4,4 մլն դոլար)։
Դատախազությունը դրանք համարում է ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույք։
Արզումանյանը զբաղեցրել է նաև Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնը։ Հակակոռուպցիոն դատարանը դատախազության հայցը վարույթ է ընդունել։
Դատախազությունը պահանջում է պետությանը հանձնել 16 անշարժ գույք, որից 14-ը գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում, մեկական՝ Կոտայքի մարզի Ջրվեժ և Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքներում։
Հայցում ներառված են նաև երեք տրանսպորտային միջոց, ութ իրավաբանական անձում մասնակցության բաժնեմասեր և 60,7 հազար դոլարի բանկային ավանդ։
Դատախազությունը պահանջում է նաև բռնագանձել 254,5 միլիոն դրամի (մոտ 700,3 հազար դոլար) չվերադարձված փոխառության պահանջի իրավունքը, ինչպես նաև 269,2 միլիոն դրամ (մոտ 740,7 հազար դոլար), որը դատախազությունը համարում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ։
Հայցի համաձայն՝ ևս մոտ 1,1 միլիարդ դրամ (մոտ 3,03 մլն դոլար) հիմնավորված չէ Արզումանյանի օրինական եկամուտներով և, դատախազության վարկածով, ունի ապօրինի ծագում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







