«Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը» (ՔԻՀԿ) հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանը սեպտեմբերին կամայական սահմանափակումներ է կիրառել նախատեսվող երկու հավաքի նկատմամբ։
Իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ առաջին դեպքը վերաբերում է ՌԴ քաղաքացի Յան Սլովիցկիի՝ սեպտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-16:00-ն, Ալ. Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում հավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկմանը։
Նախատեսված հավաքի օրը ՌԴ-ում Պետդումայի ընտրություններ էին, իսկ Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող ՌԴ դեսպանությունում անցկացվում էր քվեարկություն։ Քաղաքապետարանն առաջարկել էր հավաքի մասնակիցներին «չտարածել այնպիսի հայտարարություններ և չհնչեցնել այնպիսի կոչեր, ինչպես նաև չօգտագործել այնպիսի իրեր և առարկաներ (պաստառներ և այլն), որոնց համակցությունը կդիտվեր որպես ընտրական գործընթացի քարոզչություն»։ ՔԻՀԿ-ն նշել է, որ քաղաքապետարանի այս ձևակերպումները, ըստ էության, ՌԴ-ում անցկացվող ընտրությունների «լռության օրվա» սահմանափակումներ են։ Կազմակերպության գնահատմամբ՝ այլ պետության օրենսդրությամբ սահմանված նման սահմանափակումները չեն կարող կիրառվել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Երկրորդ սահմանափակումը վերաբերում է սեպտեմբերի 27-29-ը «Ազատության» հրապարակում Արցախի բնակիչների սոցիալ-տնտեսական խնդիրներին նվիրված նախատեսված հավաքին։ Կազմակերպիչները ցանկանում էին հավաքն անցկացնել սեպտեմբերի 27-ի ժամը 14:00-ից մինչև սեպտեմբերի 29-ի ժամը 15:00-ն, մինչդեռ քաղաքապետարանն առաջարկել էր այն կազմակերպել միայն սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14:00-ից մինչև 22:00-ն։Հավաքի կազմակերպիչ, Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի խոսքով՝ քաղաքապետարանից հայտնել էին, «որ այս փուլում ակցիաներ իրականացնելը նպատակահարմար չեն համարում» և սահմանափակումը պայմանավորել մոտ մեկուկես տարի առաջ անցկացված մեկ այլ հավաքի ընթացքում «խախտումների» հետ։
Քաղաքապետարանը նյութի հրապարակման պահին չէր արձագանքել ՔԻՀԿ-ի հայտարարությանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







