Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:33

Դժգոհ եմ մրցավարությունից․ Մելիքյան

Դժգոհ եմ մրցավարությունից․ Մելիքյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Չեռնոգորիայի դեմ խաղից հետո դժգոհություն է հայտնել մրցավարությունից։

Նրա խոսքով՝ մրցակցի առաջին գոլի դրվագում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ուգոչուկվու Իվուի նկատմամբ խախտում էր գրանցվել, սակայն մարզիչը չի ցանկացել պարտությունը պայմանավորել մրցավարությամբ։

«Այո՛, դժգոհ եմ։ Առաջին գոլը 100%-անոց խախտման հետևանք էր Իվուի նկատմամբ, բայց չեմ ուզում դրա մասին խոսել։ Հիմա որ դժգոհեմ, կասեն՝ պատճառաբանություն եմ փնտրում»,- հետխաղյա մամուլի ասուլիսում ասել է Մելիքյանը։

Նա նշել է, որ Հայաստանի հավաքականը հանդիպման համար խաղային երկու պլան ուներ։ Առաջին խաղակեսից հետո մարզչական շտաբը տակտիկական և կազմային փոփոխություններ էր կատարել, ինչի արդյունքում, ըստ Մելիքյանի, թիմին հաջողվել էր առավելություն ստանալ և ճնշում գործադրել մրցակցի վրա։

«Ափսոսում եմ, որ չկարողացանք հասնել այն արդյունքին, որի համար ներողություն եմ խնդրում։ Շնորհակալություն եմ հայտնում մեր երկրպագուներին՝ աջակցության համար, նրանք շատ օգնեցին մեզ»,- ասել է նա։

Մելիքյանը նշել է, որ առանձին դրվագներում ֆուտբոլիստների սխալները մրցակիցը կարողացել է օգտագործել, սակայն, ընդհանուր առմամբ, գոհ է թիմի խաղից։ Նա նաև պարտության պատասխանատվությունը վերցրել է իր վրա։

«Ամեն ինչ կանեմ, որ իրենց վրա ճնշում չլինի։ Այդ ամենը վերցնում եմ ինձ վրա՝ պատասխանատվություն, ճնշում, ինչ ուզում եք՝ ինձ հետ գործ ունեցեք։ Տղաներին հալալ է՝ աշխատեցին, պետք է պատրաստվեն հաջորդ խաղին»,- հայտարարել է մարզիչը։

Մելիքյանը բացատրել է՝ ինչու թիմը նահանջեց

Խաղի վերջին րոպեներին Հայաստանի հավաքականի՝ հետ նահանջելու վերաբերյալ հարցերին ի պատասխան՝ Մելիքյանը նշել է, որ նման տակտիկական հանձնարարություն չկար։

«Չունեինք պլան, որ պետք է նահանջեինք՝ հաշիվ պահելու համար։ Ես միշտ ստիպում էի, որ դուրս գային, բայց չմոռանանք մեր տղաների ֆիզիկական վիճակը։ Ֆուտբոլիստներ կային, որ առաջին անգամ էին խաղում, ամիսներ չէին խաղացել»,- նշել է նա։

Մարզչի խոսքով՝ Չեռնոգորիային հաղթանակ էր անհրաժեշտ, իսկ մրցակիցը փոխարինումներով մեծացրել էր ճնշումը, ինչի հետևանքով Հայաստանի հավաքականն աստիճանաբար նահանջել էր։

«Ավտոմատ ստացվեց։ Ես դա չէի ուզում։ Փորձում էի, բայց խաղն ստիպեց հետ քաշվել»,- հավելել է Մելիքյանը։

Թիմն ապագա ունի

Մելիքյանը նշել է, որ առաջին տեղի համար պայքարի տեսանկյունից երեք միավորի կորուստը ցավալի է, սակայն հավաքականին դեռ չորս հանդիպում է սպասվում։

«Շատ տխուր ենք, բայց իմացեք՝ այս թիմն ապագա ունի։ Այս թիմը լավ կոլեկտիվ է, պայքարելու է ու շարունակելու է։ Տղաների մոտ նվիրվածություն տեսա, որը մեզ առաջ կտանի»,- շեշտել է նա։

Մարզիչն ընդգծել է, որ վնասվածքների և ֆուտբոլիստների ոչ բավարար խաղային պրակտիկայի պատճառով ռոտացիայի մեծ հնարավորություն չունի։

«Կորուստներ ունենք, թիմը երկու խաղ արդեն խաղացել է։ Չունեմ այդքան ռեսուրս, որ ռոտացիաների մասին մտածեմ։ Պիտի քամեմ՝ ինչքան կարող եմ։ Կստացվի՝ բոլորս շատ ուրախ կլինենք։ Այս թիմը ճիշտ ուղղության վրա է, ես իրենց հավատում եմ»,- ասել է Մելիքյանը։

Մելիքյանը խոսել է Չանչարևիչի սխալի և Շաղոյանի խաղի մասին

Անդրադառնալով դարպասապահ Օգնյեն Չանչարևիչին՝ Մելիքյանն ընդունել է, որ երկրորդ գոլի դրվագում նա սխալ է թույլ տվել։

«Երկրորդ գոլի ժամանակ սխալ տեղի ունեցավ, մի քիչ առաջ էր կանգնել։ Բայց աշխարհահռչակ դարպասապահներն էլ են սխալվում։ Ընդհանուր առմամբ՝ իրենից շատ գոհ եմ։ Մեզ համար շատ լավ և հուսալի դարպասապահ է»,- ասել է նա։

Միաժամանակ՝ Մելիքյանը դժգոհություն է հայտնել Ժիրայր Շաղոյանի խաղից։ Նրա խոսքով՝ այս պահին մեկնարկային կազմում խաղալուն ավելի պատրաստ է Նարեկ Հովհաննիսյանը, սակայն նախորդ հանդիպման ժամանակ Շաղոյանի գոլային փոխանցումից հետո որոշել էր նրան հնարավորություն տալ մեկնարկային կազմում։

«Պետք է այդ բոնուսը տայի, հավատայի, բայց այսօր իրենից շատ դժգոհ եմ, դրա համար փոխարինեցի»,- նշել է մարզիչը։

Նա նաև պարզաբանել է, որ Շաղոյանը պետք է օգներ պաշտպանությանը, սակայն չի կատարել այդ առաջադրանքը։

Հոգեբանորեն վերականգնվելն ավելի դժվար է

Մելիքյանի խոսքով՝ հանդիպման վերջնամասում բաց թողած գոլը նաև հոգեբանական հարված էր հավաքականի համար։

«Երբ հիմնական ժամանակի վերջին րոպեին գոլ ենք բաց թողնում, հոգեբանական հարված ենք ստանում։ Շատ դժվար է վերականգնվել։ Ավելի հեշտ է ֆիզիկապես, քան հոգեբանորեն վերականգնվելը։ Արդեն պետք է աշխատանք տանենք մարզչական շտաբով և գնանք արտագնա խաղին»,- հավելել է նա։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրում սեպտեմբերի 28-ին 2։3 հաշվով պարտվել էր Չեռնոգորիայի ընտրանուն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+