Երևանում փորձագետները քննարկել են Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի ուղիները, ընթացող դատավարությունների հնարավոր հետևանքները և գերիների հարցը խաղաղության գործընթացում։ Ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-յան ալիքում։
Նրանց խոսքով՝ Երևանը լիարժեք չի օգտագործում միջազգային իրավական և դիվանագիտական մեխանիզմները՝ Բաքվում պահվող հայ գերիների վերադարձին հասնելու և սեփական շահերը պաշտպանելու համար։
Բաքվի դատավարությունները կարող են հիմք ստեղծել Հայաստանի դեմ գործընթացների համար. Տարոն Սիմոնյան
Միջազգային իրավունքի մասնագետ, ELL PARTNERSHIP-ի հիմնադիր գործընկեր Տարոն Սիմոնյանի խոսքով՝ Ադրբեջանում Արցախի նախկին ղեկավարների և մյուս հայերի դեմ ընթացող դատավարությունները կարող են հետագայում հիմք հանդիսանալ Հայաստանի դեմ իրավական գործընթացների համար։
Նրա խոսքով՝ մեղադրանքի հիմքում այն թեզն է, թե Արցախի Հանրապետությունն «ահաբեկչական կազմակերպություն» էր և ֆինանսավորվում էր Հայաստանի կողմից։
«Ովքեր այս կամ այն չափով մասնակցել են Արցախի կառավարմանը, անգամ՝ ընտրություններին մասնակցելու միջոցով, ըստ ադրբեջանական պրոպագանդայի և դատարանի որոշման, փաստորեն, դառնում են «ահաբեկչական կազմակերպության» մասնակիցներ և, հետևաբար, քրեական հետապնդման ենթակա են»,- ասել է Սիմոնյանը։
Փորձագետի գնահատմամբ՝ այս տրամաբանությունը հետագայում կարող է օգտագործվել Հայաստանի դեմ՝ պնդելու համար, թե Երևանը կազմակերպել կամ խթանել է Ադրբեջանի դեմ ուղղված գործողություններ, իսկ Արցախն օգտագործել է որպես գործիք։
Սիմոնյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը կարող է և պարտավոր է մասնակցել Ադրբեջանում պահվող իր քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործընթացին։
«Դա նրա սահմանադրական պարտականությունն է՝ սեփական քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։ Չիրականացնելն արդեն իսկ պետության սահմանադրական պարտավորության խախտում է իր քաղաքացիների նկատմամբ»,- շեշտել է նա։
Ըստ փորձագետի՝ Հայաստանը միջազգային իրավական մի շարք գործիքներ ունի, որոնք կարող է կիրառել Ադրբեջանի նկատմամբ, այդ թվում՝ պատանդառության և խոշտանգումների դեմ կոնվենցիաների շրջանակում։
Սիմոնյանի համոզմամբ՝ նման իրավական մեխանիզմների կիրառումը չի հակասում խաղաղության գործընթացին։
«Բոլոր միջազգային գործիքակազմերը, որ մենք առաջարկում ենք, հենց վեճերի լուծման խաղաղ գործիքակազմեր են»,- ասել է նա։
Նա «քաղաքական անչափահասության դրսևորում» է անվանել այն մոտեցումը, երբ պետությունն իրենից կախված ամեն ինչ չի անում սեփական շահերը պաշտպանելու համար և հույսը դնում է այլ պետությունների արդարության կամ բարի կամքի վրա։
Խաղաղության գործընթացում պատանդներ պահելու նման օրինակ չեմ տեսել․ Հրայր Բալյան
Հակամարտությունների կարգավորման և խաղաղաշինության մասնագետ Հրայր Բալյանը հայտարարել է, որ իր 30-35 տարվա մասնագիտական գործունեության ընթացքում չի հանդիպել դեպքի, երբ երկու պետություն առաջընթաց գրանցեն խաղաղության գործընթացում, անգամ՝ նախաստորագրեն համաձայնագիր, սակայն կողմերից մեկը շարունակի պահել մյուս երկրի քաղաքացիներին։
«Ուրիշ տեղ չեմ տեսել, օրինակ, որ երկու երկիր խաղաղության գործընթացի մեջ մտնեն, առաջ գնան, նույնիսկ համաձայնագիր նախաստորագրեն, Ալիևը (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև-խմբ․) հայտարարի, որ դե ֆակտո խաղաղություն ունենք և, միևնույն ժամանակ, մի երկիրը 19 պատանդ պահի»,- ասել է Բալյանը։
Փորձագետի կարծիքով՝ նման պայմաններում անգամ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարող է հանգեցնել միայն «սառը խաղաղության»։
Բալյանի խոսքով՝ նման խաղաղությունը կարող է ձևականորեն ամրագրված լինել համաձայնագրով, սակայն մնալ փխրուն և ժամանակավոր, իսկ ամենափոքր պատրվակը կարող է կրկին սրել հակամարտությունը։
Գերիների վերադարձը պետք է լինի պահանջ և ոչ թե «ակնկալիք»․ Աննա Մելիքյան
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ծրագրերի համակարգող, իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի խոսքով՝ Հայաստանը պետք է ավելի հետևողական և պահանջատիրական կերպով բարձրացնի Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի հարցը։
Փորձագետի դիտարկմամբ՝ վերջին տարիներին Հայաստանի պաշտոնական պատվիրակությունների խոսույթը մեղմացել է, և գերիների վերադարձը հաճախ ներկայացվում է ոչ թե որպես պահանջ, այլ որպես ակնկալիք։
«Ընդունելի չէ․ օր առաջ այդ մարդիկ պետք է վերադարձվեն»,- ասել է Մելիքյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը միջազգային հարթակներում այնտեղ պահվող հայերին ներկայացնում է որպես պատերազմական հանցագործների, մինչդեռ հայկական կողմը պետք է հետևողականորեն ցույց տա, որ նրանց նկատմամբ արդար դատաքննություն չի իրականացվել, իսկ մեղադրանքները պատշաճ կերպով անհատականացված չեն։
Ըստ Մելիքյանի՝ միջազգային գործընկերների հետ հանդիպումների ընթացքում հայկական կողմին ավելի հաճախ հարցեր են ուղղվում ճանապարհների, միջանցքների և հաղորդակցությունների բացման վերաբերյալ, մինչդեռ գերիների և մարդասիրական այլ խնդիրների թեման ավելի քիչ է բարձրացվում։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ։ Նրանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, որոնց Բաքվի դատարանը դատապարտել է 20 տարվա կամ ցմահ ազատազրկման։
Կարդացեք նաև՝
Հայ գերիները մեկուսացված են և պատշաճ բուժօգնություն չեն ստանում․ Սահակյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







