Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների դիտարկման վերջնական զեկույցում ընտրությունների ընդհանուր դրական գնահատականին զուգահեռ՝ մատնանշել է մի շարք խնդիրներ, այդ թվում՝ վարչական ռեսուրսի օգտագործումը, ընդդիմության քրեական հետապնդումը, քարոզարշավի լուսաբանման և խախտումների բողոքարկման թերությունները։
Պատվիրակության առանձին մտահոգությունն առաջացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշումը՝ չեղարկել երեք ընտրատեղամասի արդյունքները, որը, զեկույցի համաձայն, էական հետևանքներ է ունեցել ընդդիմության ներկայացվածության համար։
Զեկույցը, որը հրապարակվել էր սեպտեմբերի 22-ին, պատրաստել է ԵԽԽՎ Բյուրոյի հատուկ կոմիտեն, զեկուցողը դիտորդական պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտիեն է։ Ընդ որում՝ ընտրությունների ընդհանուր կազմակերպումը դիտորդները դրական են գնահատել։ Նրանց եզրակացությամբ՝ ընտրողներին տրամադրվել է իրական ընտրություն քաղաքական այլընտրանքների միջև, ընտրական վարչարարությունը գործընթացը կազմակերպել է մասնագիտորեն, իսկ այցելած տեղամասերի ճնշող մեծամասնությունում քվեարկությունը դրական գնահատական է ստացել։
ԵԽԽՎ-ն քննադատել է երեք տեղամասի արդյունքների չեղարկումը
Զեկույցում հետընտրական առանցքային հարցերից մեկ է համարվել ԿԸՀ-ի կողմից 10/51, 35/65 և 12/13 տեղամասերի արդյունքների չեղարկումը։
Երկու տեղամասում զինծառայողներին թույլ են տվել քվեարկել օրենքով սահմանված քվեարկության ավարտից հետո, իսկ երրորդում օրվա մեծ մասի ընթացքում բացակայել են «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության քվեաթերթիկները։
Զեկույցի հեղինակների համաձայն՝ որոշ հաշվարկներով այդ տեղամասերի արդյունքները հաշվի առնելու դեպքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարող էր հաղթահարել 4%-անոց շեմը և ստանալ խորհրդարանական մանդատներ, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»՝ չստանալ 3/5 մեծամասնություն։
Փաստաթղթի համաձայն՝ ԿԸՀ-ն սահմանափակվել է այն ձևակերպմամբ, որ այդ տեղամասերի արդյունքների չեղարկումը չի ազդել ընդհանուր արդյունքների վրա, և կրկնաքվեարկություն չի նշանակել։ ԵԽԽՎ-ում նման հիմնավորումն անվանել են «խիստ անբավարար», հատկապես՝ որոշման հնարավոր հետևանքները հաշվի առնելով։ «Բարգավաճ Հայաստանն» ստացել է ձայների 3,99%-ը և չի հաղթահարել 4%-անոց շեմը։ ԵԽԽՎ-ի գնահատմամբ՝ դա ազդել է մանդատների բաշխման վրա։
Պատվիրակությունը մտահոգություն է հայտնել, որ ԿԸՀ-ի որոշումը վերաբերել է այնպիսի տեղամասերի, որոնք կարող էին որոշիչ լինել ընդդիմադիր կուսակցություններից մեկի խորհրդարան անցնելու համար, սակայն չի ուղեկցվել բավարար հիմնավորմամբ կամ կրկնաքվեարկությամբ։
Զեկույցի եզրակացություններում ԵԽԽՎ-ն հիմնական խնդիրներից մեկն է անվանել «ընդդիմադիր կուսակցության ընտրազանգվածին ներկայացվածությունից զրկելը, որն էական խորհրդարանական հետևանքներ է ունեցել»։
Քրեական վարույթներ ընդդիմության դեմ
ԵԽԽՎ-ն ուշադրություն է դարձրել նաև քարոզարշավի ընթացքում իրավապահ մարմինների գործողություններին։ Զեկույցում խոսվում է ընտրակաշառքի և ընտրությունների հետ կապված այլ հանցագործությունների վերաբերյալ ավելի քան 200 քրեական վարույթի մասին, որոնք հիմնականում վերաբերել են ընդդիմությանը։
Փաստաթղթի հեղինակների խոսքով՝ վերջին տարիներին հաճախակի է դարձել իրավապահ մեխանիզմների կիրառումն ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ։ Զեկույցի համաձայն՝ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթները գրեթե ամբողջությամբ վերաբերել են ընդդիմությանը կամ դրա հետ կապված գործարար շրջանակներին։
Փաստաթղթի պատրաստման պահին այդ գործերով մեղադրական դատավճիռներ չկային, ինչը, հեղինակների գնահատմամբ, հարցեր էր առաջացնում իրավապահ համակարգի ընտրովի ազդեցության և պատշաճ դատավարության պահպանման վերաբերյալ։
ԵԽԽՎ-ն հղում է արել նաև միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների հաղորդումներին՝ կալանքի չափից ավելի կիրառման և բողոքի ակցիաների առաջնորդների ահաբեկման մասին։
Վերջնական հանձնարարականներում Հայաստանի իշխանություններին խորհուրդ է տրվում դադարեցնել ընդդիմության նկատմամբ քրեական հետապնդման ընտրովի կիրառումը, ընտրությունների հետ կապված գործերի քննության ժամանակ ապահովել դատավարական երաշխիքների լիարժեք պահպանումը, ինչպես նաև վերանայել իրավապահ մարմինների պրակտիկան՝ մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համապատասխանության տեսանկյունից։
Ճնշումներ պետհատվածի աշխատակիցների վրա և վարչական ռեսուրս
Զեկույցում խոսվում է նաև քարոզարշավի անհավասար պայմանների մասին։ Դիտորդների տվյալներով՝ պետական հատվածի աշխատակիցները հայտնել են «Քաղաքացիական պայմանագրի» միջոցառումներին իրենց ներկայությունն ապահովելու պահանջների կամ ճնշման մասին։
Միաժամանակ՝ դիտորդներն արձանագրել են մի քանի դեպք, երբ ձեռնարկությունների ղեկավարները ճնշում են գործադրել աշխատողների վրա՝ ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու նպատակով։
Ընտրություններից քիչ առաջ կառավարության ներդրած սոցիալական ծրագրերը, այդ թվում՝ պարտքերի նպատակային ներումը և ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար պատժամիջոցների մեղմացումը, զեկույցում անվանվել են նախընտրական քարոզարշավի փաստացի գործիքներ, թեև ձևականորեն դրանք համապատասխանել են ընտրական օրենսդրությանը։
Դիտորդները մատնանշել են նաև նախընտրական միջոցառումների ժամանակ պետական ռեսուրսների օգտագործումը և վերահսկող մարմինների տարբեր մոտեցումն իշխանությունների և ընդդիմության սոցիալական ծրագրերի նկատմամբ։ Հեղինակների գնահատմամբ՝ դա ուժեղացրել է կողմնակալության մասին պատկերացումները։
ԵԽԽՎ-ն մատնանշել է քարոզարշավի լուսաբանման խնդիրները
Զեկույցի մեկ առանձին բաժին նվիրված է լրատվամիջոցներին։ ԵԽԽՎ-ն քարոզարշավի ընթացքում մեդիադաշտը բնութագրել է որպես խիստ բևեռացված։
Դիտորդների գնահատմամբ՝ Հանրային հեռուստաընկերությունն ավելի հաճախ իշխող կուսակցությանը լուսաբանել է բարենպաստ տոնով, մինչդեռ որոշ մասնավոր լրատվամիջոցներ հիմնականում քննադատել են իշխանություններին և աջակցել ընդդիմության առանձին ներկայացուցիչների։
Հեղինակների խոսքով՝ քարոզարշավի հեռուստատեսային լուսաբանման զգալի մասը հանգել է փոխադարձ վիրավորանքների, մինչդեռ թեկնածուների ծրագրերին և բովանդակային քաղաքական քննարկումներին սահմանափակ ուշադրություն է դարձվել։
Վերջնական հանձնարարականներում ԵԽԽՎ-ն կոչ է արել ապահովել հանրային հեռարձակողի անկողմնակալությունը և բարձրացնել մասնավոր լրատվամիջոցների սեփականության կառուցվածքի թափանցիկությունը։
ԵԽԽՎ-ն մատնանշել է արտաքին միջամտություն քարոզարշավին
Զեկույցում զգալի ուշադրություն է դարձվել քարոզարշավի վրա օտարերկրյա ազդեցությանը։ Ամենակոշտ գնահատականները փաստաթղթի հեղինակները տվել են Ռուսաստանի գործողություններին՝ դրանք համարելով ընդդիմադիր և հակակառավարական ուժերի օգտին ընտրողների ընտրության վրա ազդելու փորձեր։
Ընդ որում՝ զեկույցում տվյալներ չեն բերվում կոնկրետ ընդդիմադիր քաղաքական ուժերին Ռուսաստանի ուղղակի աջակցության մասին։ Հեղինակները հղում են անում առևտրային սահմանափակումներին, էներգակիրների մատակարարման պայմանների վերանայման սպառնալիքներին, դիվանագիտական հռետորաբանությանը, Ռուսաստանի հետ կապված տեղեկատվական արշավներին, ինչպես նաև Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների և բիզնեսի սեփականատերերի վրա ճնշումների մասին դիտորդներին հասած հաղորդումներին։
Միաժամանակ՝ ԵԽԽՎ-ն մատնանշել է արևմտյան և եվրոպական պաշտոնյաների հրապարակային աջակցությունը գործող իշխանությանը։ Փաստաթղթում ասվում է, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ԵՄ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների հայտարարությունները նույնպես ընկալվել են որպես արտաքին միջամտություն։ Սակայն զեկույցի հեղինակները կարծում են, որ այն չի ունեցել այն հարկադրական բնույթը և մասշտաբը, որը նրանք կապում են Ռուսաստանի գործողությունների հետ։
Այսպիսով՝ զեկույցում խոսվում է տարբեր կողմերից արտաքին ազդեցության մասին, սակայն Ռուսաստանի և արևմտյան երկրների գործողությունները հեղինակները տարբեր կերպ են գնահատում՝ այդ ազդեցության բնույթի և մասշտաբի տեսանկյունից։
Ավելի քան 200 վարույթ և խախտումներ դիտարկված տեղամասերի գրեթե կեսում
Քվեարկության օրը ԵԽԽՎ-ն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել։ Այն անցել է հանգիստ և կազմակերպված, իսկ ձայների հաշվարկին այցելած տեղամասերի ճնշող մեծամասնությունում գնահատվել է «լավ»։ Միևնույն ժամանակ՝ տարբեր խախտումներ արձանագրվել են դիտարկված տեղամասերի մոտ 44%-ում։ Դրանց թվում զեկույցում թվարկված են ընթացակարգային սխալներ, քվեարկությունը վերահսկելու փորձեր, քվեարկության գաղտնիության խախտումներ, քարոզչություն, գործընթացի մասնակիցների միջև կոնֆլիկտներ և սարքավորումների հետ կապված խնդիրներ։
Դիտորդները հաղորդել են նաև խմբային քվեարկության, կատարված ընտրությունը ցուցադրելու, ընտրական գործընթացի մասնակիցների ներկայացուցիչների կողմից ընտրողներին ցուցումներ տալու և չլիազորված անձանց ներկայության դեպքերի մասին։
Ձայների հաշվարկի ժամանակ արձանագրվել են չլիազորված անձանց մասնակցության, արձանագրությունները վաղաժամ ստորագրելու կամ փակցնելու, քվեաթերթիկների վավերականության շուրջ վեճերի և թվաբանական սխալների առանձին դեպքեր։ Ընդ որում՝ զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ վերջիններս հիմնականում պայմանավորված էին անփորձությամբ, այլ ոչ թե մանիպուլյացիաներով։
Ընտրություններն «իրական ընտրություն» են տվել, սակայն ԵԽԽՎ-ն բարեփոխումներ է առաջարկել
Չնայած թվարկված խնդիրներին՝ զեկույցում գործընթացի վերջնական գնահատականն, ընդհանուր առմամբ, դրական է։ ԵԽԽՎ-ն եզրակացրել է, որ ընտրությունները քաղաքացիներին իրական ընտրություն են տվել քաղաքական այլընտրանքների միջև, լավ են կազմակերպվել, իսկ ընտրական վարչարարությունը վայելել է գործընթացի մասնակիցների վստահությունը։
Միաժամանակ, հեղինակների խոսքով, ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների դեմ բազմաթիվ քրեական գործերի հետևանքով ընդդիմության շատ աջակիցներ ձեռնպահ են մնացել քարոզարշավին ակտիվ մասնակցելուց։ Պետհատվածի աշխատակիցների վրա ճնշումների և ընտրություններից առաջ ներդրված սոցիալ-տնտեսական միջոցառումների հետ մեկտեղ՝ դա հարցեր է առաջացրել մասնակիցների հնարավորությունների հավասարության վերաբերյալ։
ԵԽԽՎ-ն Հայաստանին առաջարկել է փոխել ընտրական վեճերի քննության կանոնները, ընդլայնել դատարան դիմելու իրավունք ունեցող անձանց և կազմակերպությունների շրջանակը, խստացնել վարչական ռեսուրսի և քարոզարշավի ֆինանսավորման կարգավորումը, ապահովել հանրային հեռարձակողի անկողմնակալությունը և ուժեղացնել խաղաղ հավաքների իրավունքի պաշտպանությունը։
Առանձին առաջարկվում է փոխել Ընտրական օրենսգիրքը և ուղղակիորեն նախատեսել պարտադիր կրկնաքվեարկություն, եթե խախտումները վտանգում են լիարժեք քաղաքական ներկայացվածությունը։ Զեկույցում տեղ է գտել նաև հեղինակների քաղաքական գնահատականն այն մասին, որ ընտրությունների արդյունքները վկայում են հայ հասարակության կողմից «եվրոպամետ ուղու» ընտրության մասին, և որ նոր իշխանությունները «հստակ մանդատ» են ստացել։ Այդ գնահատականը տալիս են ԵԽԽՎ զեկույցի հեղինակները։
Անդրադարձ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը
Ավելի ուշ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ ԵԽԽՎ-ի զեկույցում անդրադարձ կա նաև կուսակցության՝ խորհրդարանից դուրս մնալու հանգամանքներին։
Նրա խոսքով՝ զեկույցում մտահոգություն կա ԿԸՀ-ի կողմից որոշ ընտրական տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու և կրկնակի քվեարկություն չնշանակելու վերաբերյալ։ Տոնոյանը նշել է, որ զեկույցում այդ որոշումը կապվել է ընտրությունների ընդհանուր արդյունքի և խորհրդարանի ներկայացուցչականության վրա ազդեցության հետ։
Տոնոյանն այս արձանագրումը համարել է վերջին ամիսներին տարբեր դիտորդական առաքելությունների հետ ԲՀԿ-ի աշխատանքի արդյունք և հայտնել, որ կուսակցությունը շարունակելու է խնդիրները բարձրաձայնել միջազգային հարթակներում։
Ընտրությունների պաշտոնական արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ստացել էր ձայների 49,75%-ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,27%-ը, «Հայաստան» դաշինքը՝ 9,92%-ը։ «Բարգավաճ Հայաստանը» հավաքել էր 3,99% և չէր անցել Ազգային ժողով։ Խորհրդարան է անցել քաղաքական երեք ուժ։
Ընտրությունների դիտարկման վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցը ներառված է Վեհաժողովի աշնանային նստաշրջանի օրակարգում, որը մեկնարկել է սեպտեմբերի 28-ին Ստրասբուրգում։
Մայիսին ԵԽԽՎ պատվիրակությունը Հայաստան կատարած նախընտրական այցի արդյունքներով կոչ էր արել ապահովել հավասար պայմաններ ընտրությունների մասնակիցների համար և քվեարկությունն անցկացնել առանց ընտրողների վրա ճնշման և վարչական ռեսուրսի չարաշահման։
Թարմացված է՝ 28.09.2026 | 18:24
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







