Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+4°
  • Կապան+3°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 10:21

«Հայկական լիմոնը մինչև վերջ քամել». Իսկանդարյանը՝ Ադրբեջանի ռազմավարության մասին

«Հայկական լիմոնը մինչև վերջ քամել». Իսկանդարյանը՝ Ադրբեջանի ռազմավարության մասին

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն Armenia Today-ի հետ հարցազրույցում գնահատել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմավարությունը՝ այն համեմատելով Առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայի նկատմամբ հաղթող տերությունների մոտեցման հետ։

Նրա խոսքով՝ Գանձասարի, «Արևմտյան Ադրբեջանի» շուրջ Բաքվի հռետորաբանությունն ու Հայաստանի վրա ճնշման մյուս ձևերն առանձին դրվագներ չեն, այլ միասնական ռազմավարության տարրեր։ Քաղաքագետի կարծիքով՝ պատմական փաստարկներն այս դեպքում օգտագործվում են որպես քաղաքական գործիք։

«Ադրբեջանցիներին որևէ բան ապացուցել՝ գիրք ցույց տալով, հնարավոր չէ։ Խնդիրը գրքի մեջ չէ։ Միթե լրջորեն կարծում եք, որ դիվանագետների համար պատմական դպրոցի հիմնումը, որտեղ դասավանդում է ոչ թե պատմաբան, այլ պաշտոնյա, և այս տարածված աղվանագիտությունը, որով հանկարծ կտրուկ զբաղվեց Ադրբեջանի ամբողջ բնակչությունը, առնչություն ունեն պատմության հետ։ Ո՛չ, իհարկե, դա առնչություն ունի քաղաքականության հետ»,- ասել է Իսկանդարյանը։

Նրա գնահատմամբ՝ Բաքուն կիրառում է ճնշման տարբեր ձևեր՝ դիվանագիտականից մինչև դիսկուրսիվ, և ձգտում է ռազմական հաղթանակից հետո առավելագույնն ստանալ։

«Կար այսպիսի արտահայտություն, եթե չեմ սխալվում, Լլոյդ Ջորջինն է՝ «մինչև վերջ քամել գերմանական լիմոնը»։ Այսինքն՝ պատժել, ռազմական հաղթանակից հետո պատժել այնպես, որ այլևս չհամարձակվեն ոչինչ անել։ Թե դա ինչի հանգեցրեց, հետո գիտենք։ Ահա սա է Ադրբեջանի ռազմավարությունը»,- հայտարարել է քաղաքագետը։

Իսկանդարյանը պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է ինչպես տարածքներին և անվտանգությանը, այնպես էլ Հայաստանի սպառազինությանը, միջազգային դիրքին ու մշակութային ժառանգությանը։

«Գաղափարն այն է, որ Հայաստանից կորզվի այն ամենը, ինչ հնարավոր է՝ ռազմական հաղթանակի արդյունքները։ Եվ ադրբեջանցիները բավական հետևողականորեն փորձում են դա անել։ Կորզել այն ամենը, ինչ հնարավոր է։ Ես պարտադիր տարածքները նկատի չունեմ, թեև դրանք՝ նույնպես»,- ասել է նա։

Քաղաքագետի կարծիքով՝ ներկայիս միջազգային իրավիճակը Բաքվին թույլ է տալիս իրականացնել այս ռազմավարությունը, քանի որ խոշոր տերությունների ուշադրությունը կենտրոնացած է այլ հակամարտությունների վրա։

«Քանի դեռ աշխարհում բոլորն զբաղված են, քանի դեռ ոչ ոք մեզնով չի զբաղվում, քանի դեռ այնտեղ Իրանն է, այստեղ՝ Իսրայելը, այնտեղ՝ Ուկրաինան, Եվրոպայում՝ տարաձայնություններ, Ամերիկայում ընդհանրապես Թրամփն է (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ-խմբ․)։ Հետևաբար, քանի դեռ այս հնարավորությունը կա, փորձել անել այն ամենը, ինչ հնարավոր է, այսինքն՝ ստանալ հնարավորինս թույլ Հայաստան»,- հայտարարել է Իսկանդարյանը։

Փորձագետը կարծում է, որ Ադրբեջանը Տիգրանաշենի հանձնման հարցը դեռ որպես կոշտ պահանջ չի ներկայացնում։ Նրա խոսքով՝ դրա գործնական քննարկման դեպքում բազմաթիվ հարցեր կառաջանան՝ իրավազորությունից, բնակչությունից և տրանսպորտային հաղորդակցությունից մինչև բնակավայրի մատակարարում։

«Ադրբեջանը հենց Տիգրանաշե՞նն է պահանջում, լո՞ւրջ։ Ո՛չ, այդպես չեմ կարծում, որովհետև եթե այդ մասին լրջորեն խոսենք, այնտեղ այնքան հարցեր են առաջանում, որոնք, իմ կարծիքով, հնարավոր չէ լուծել»,- ասել է Իսկանդարյանը։

Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի հետ հարաբերություններում Հայաստանի իշխանությունների մոտեցմանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ հնչեցրած «ցլի և կարմիր կտորի» փոխաբերությանը։ Քաղաքագետի գնահատմամբ՝ Բաքվին «չգրգռելու» իշխանությունների ձգտումը պայմանավորված է նրանով, որ Երևանն Ադրբեջանին ընկալում է որպես ավելի ուժեղ կողմ և սպառնալիքի աղբյուր։

«Ի՞նչ է նշանակում կարմիր կտոր չլինել։ Լինել աննկատ։ Արդյոք սա արդյունավետ ռազմավարությո՞ւն է։ Ո՛չ, բացարձակ անարդյունավետ»,- հայտարարել է քաղաքագետը։

Իր դիրքորոշումը նա պարզաբանել է՝ զարգացնելով վարչապետի փոխաբերությունը։

«Թեոդորն ասպարեզ է դուրս գալիս ոչ թե նրա համար, որ ցուլն իրեն չդիպչի, ցլից փախչի և հնարավորինս աննկատ մնա։ Նա ունի խնդիր՝ չնայած ցուլն ավելի խոշոր է, ավելի մեծ, ավելի ագրեսիվ, տեխնիկապես տիրապետել որոշակի հմտությունների, արվեստի, որպեսզի հաղթի ցլին, այլ ոչ թե անի այնպես, որ ցուլն իրեն չդիպչի։ Որպեսզի ցուլն իրեն չդիպչի, պարզապես պետք չէ ասպարեզ դուրս գալ»,- եզրափակել է նա։

Ամբողջական հարցազրույցը ռուսերենով՝ Armenia Today-ի YouTube-յան ալիքում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  6. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+