Հայ Առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց կաթողիկոսի վերաբերյալ հրապարակված 70 էջանոց զեկույցն իշխող թիմի ներսում քննարկումների թեմա է դարձել, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ թերթի՝ իշխանական շրջանակներում տարակուսած են Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ստեղծելու հնարավորության շուրջ։
Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական պատգամավորները կարծում են, որ զեկույցում ներկայացված մեղադրանքները հստակ ապացույցներով հիմնավորված չեն և, առավելապես, հիմնված են մամուլի հրապարակումների վրա։
Նրանք նաև անհասկանալի են համարում, թե ի՞նչ պետք է քննի հանձնաժողովը, եթե զեկույցում ներկայացված պնդումների համար իրավական հիմնավորումներ չկան։
Ըստ թերթի՝ իշխանական շրջանակներում հարցեր են առաջացրել նաև զեկույցում կուսակրոնության ուխտը խախտելու վերաբերյալ ներկայացված պնդումները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մտադրության մասին։ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները հայտնել էին, որ չեն մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին։
Սեպտեմբերի 24-ին կառավարությունը հրապարակել էր «Եկեղեցում առաջացած ճգնաժամի մասին» զեկույցը, որում 16 կետով ներկայացրել էր Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ գնահատականներն ու պնդումները և առաջարկել լուծումների ճանապարհային քարտեզ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը զեկույցն անվանել էր հակասահմանադրական, հակականոնական և անօրինական և միջամտություն եկեղեցու ներքին կյանքին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







