ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը մեկնաբանել է հայ գերիների մասին Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևայի հայտարարությունը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ՄԻՊ աշխատակազմն «անհիմն» էր որակել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կողմից՝ իր և Ումբակիում պահվող մյուս հայ բանտարկյալների վերաբերյալ բարձրացրած հարցերը։
Սահակյանը նշել է, որ մի շարք բողոքներ, որոնք վերաբերում էին տեսազանգերի բացակայությանը, կրթության իրավունքին, ԿԽՄԿ-ի այցերի կանոնավոր հասանելիությանը, հարազատների հետ տեսակցություններին, նամակների ու ծանրոցների ստացմանը, դիվանագիտական կամ հյուպատոսական հասանելիությանը, ինչպես նաև Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի առաջարկած մարդասիրական այցին, պատասխանում պարզապես տեղ չեն գտել։
Հայ գերիների շահերի ներկայացուցիչը հերքել է Ադրբեջանի ՄԻՊ-ի աշխատակազմի այն պնդումը, թե ընտանիքի հետ կապն ապահովվում է։ Նա հիշեցրել է, որ կալանավորումից ի վեր հարազատների հետ որևէ տեսակցություն տեղի չի ունեցել։ Միակ հասանելի կապը հեռախոսայինն է, այն էլ՝ ոչ բոլորի համար։ Սահակյանը նշել է, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին տրամադրված նոտարական ծառայության փաստը չի բացատրում, թե ինչու Վարդանյանը չի կարողանում ձևակերպել իր լիազորագրերը։ «Վարդանյանը բազմիցս փորձել է նոտարի հասանելիություն ստանալ՝ լիազորագրեր ձևակերպելու կամ համապատասխան ձևաթղթեր ստանալու համար, որպեսզի դրանք ինքնուրույն ստորագրի։ Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չի տրամադրվել։ Այդ պատճառով օգոստոսի 20-ին հայց էր ներկայացվել Բաքվի վարչական դատարան, որը գրանցվել է միայն վերջերս»,- նշել է Սահակյանը։ Նրա խոսքով՝ գրքերի առկայությունը չի պատասխանում թերթերի բաժանորդագրության անհնարինության վերաբերյալ բողոքին։ Բժշկական զննության մասին հայտարարությունը նույնպես չի հաստատում, որ Վարդանյանի պահանջած կոնկրետ ախտորոշիչ հետազոտություններն իրականացվել են, իսկ դրանց արդյունքները փոխանցվել են նրան։ Նա նաև նշել է, որ Սաբինայի ներկայացրած պատասխանները հիմնավորված չեն ապացույցներով և փաստաթղթերով։ Այսպես՝ աշխատակազմը պնդում է, որ 916 թեժ գծին ուղղված յուրաքանչյուր դիմումի ժամանակին պատասխան է տրվել։ Վարդանյանին նման զանգ կատարելու հնարավորություն է տրվել միայն մեկ անգամ՝ հունիսի 19-ին։ Սակայն որևէ հաստատող փաստաթուղթ չի ներկայացվել։ Չեն ներկայացվել նաև նրա անունից ուղարկված գրավոր դիմումների բովանդակային պատասխանները։ «Եթե ամենշաբաթյա հեռախոսազանգերն իսկապես հասանելի են յուրաքանչյուր բանտարկյալի, ապա ինչո՞ւ է Լյուդվիգ Մկրտչյանը հաջորդ զանգին սպասում մեկուկեսից ավելի քան երկու ամիս»,- ընդգծել է Սահակյանը։ Անդրադառնալով փաստաբանի հասանելիության հարցին՝ նա նշել է, որ տեղացի փաստաբանին բազմիցս թույլ չի տրվել հանդիպել Վարդանյանի հետ։ Սեպտեմբերի 16-ին նրա մուտքը մերժվել էր՝ հաստատության ղեկավարի բացակայության պատճառաբանությամբ։ Սեպտեմբերի 22-ին փաստաբանին կրկին մերժել էին նույն պատճառաբանությամբ։ Այդ պատճառով հարցը տեղափոխվել է դատարան․ հանդիպումը թույլ չտալու փաստով հայց է ներկայացվել հաստատության վարչակազմի դեմ։ Սահակյանը հավելել է, որ բանտարկյալների՝ Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպելու խնդրանքը, որը Վարդանյանի միջոցով փոխանցվել էր, շարունակում է մնալ անպատասխան։ Անպատասխան են մնում նաև բարձրացված այն հարցերը, որոնց վերաբերյալ, ըստ Սահակյանի, հայտարարությամբ խուսափել են պատասխանել։Ավելի վաղ Human Rights Watch-ի (HRW) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Գիորգի Գոգիան հայտարարել էր, որ Ադրբեջանը պետք է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) կանոնավոր կերպով թույլ տա այցելել հակամարտության հետ կապված կալանավորված անձանց։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Նրանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, որոնց Բաքվի դատարանը դատապարտել էր 20 տարվա կամ ցմահ ազատազրկման։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







