Հունահռոմեական ոճի ըմբիշ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը «Սանտա Ֆե-2026» Հարավամերիկյան խաղերում Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել, հայտնել է Արգենտինայի կառավարության պաշտոնական կայքը։
Ջուլֆալակյանը հանդես է եկել 77 կգ քաշային կարգում։ Նա մրցաշարն սկսել է պերուացի Ռայան Կուբասին 8։0 հաշվով հաղթելով, ապա խմբային փուլում 4։9 հաշվով պարտվել Ժաիր Կուերոյին։ Կիսաեզրափակչում Ջուլֆալակյանը 9։0 հաշվով առավելության է հասել բրազիլացի Ժոիլսոն Դե Բրիտոյի նկատմամբ։ Եզրափակչում Ջուլֆալակյանը 4։2 հաշվով ռևանշ է վերցրել Կուերոյից։
Ջուլֆալակյանի հաղթանակն Արգենտինայի համար դարձել է Հարավամերիկյան խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջին ոսկե մեդալը վերջին 16 տարվա ընթացքում։
Հայաստանի դրոշի ներքո Ջուլֆալակյանը 2009 թվականին դարձել էր Եվրոպայի, 2014-ին՝ աշխարհի չեմպիոն, իսկ 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում նվաճել էր արծաթե մեդալ։
2025 թվականի հունվարին Ջուլֆալակյանը փոխել էր մարզական քաղաքացիությունը և սկսել հանդես գալ Արգենտինայի դրոշի ներքո։
«Սանտա Ֆե-2026» Հարավամերիկյան խաղերն անցկացվում են սեպտեմբերի 12-26-ն Արգենտինայի Սանտա Ֆե, Ռոսարիո և Ռաֆայելա քաղաքներում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







