Արարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը, հայտնում է ArmLur.am-ը։
Ըստ թերթի՝ Արարատի մարզում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել։ Արտաշատի ոստիկանները միջադեպի հիմնական մասնակիցներին բերման են ենթարկել։ Դատարանը նրանցից մի քանիսի նկատմամբ տնային կալանք է կիրառել։ Նրանց թվում է Մասիսի նախկին քաղաքապետի եղբայրը։
Վիճաբանությունը տեղի է ունեցել Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդ Գոքորի «Հրաշք այգի» ռեստորանում։ Shamshyan.com-ն ավելի վաղ հայտնել էր, որ վիճաբանություն-ծեծկռտուքը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում։ Կայքի տեղեկություններով՝ ռեստորանային համալիրի հաճախորդներ՝ Արարատի մարզի բնակիչներ 49-ամյա Արմենակ Հ.-ն, 40-ամյա Սևան Խ.-ն, 38-ամյա Գոռ Հ.-ն, 39-ամյա Ալբերտ Ն.-ն, 40-ամյա Ռաֆայել Հ.-ն, 50-ամյա Արարատ Լ.-ն և 37-ամյա Գոռ Խ.-ն, ռեստորանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ տեսանկարահանում կատարելու հարցի շուրջ վիճաբանել են նույն ռեստորանի մյուս հաճախորդների հետ։ Կայքի տեղեկություններով՝ միջադեպի մասնակիցներից Գոռ Հ.-ն, Գոռ Խ.-ն, Սևան Խ.-ն և Ռաֆայել Հ.-ն դատարանի որոշմամբ գտնվում են տնային կալանքի տակ։ Քննիչը նրանց նկատմամբ կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատի նստավայր։Փետրվարին Գոռ Համբարձումյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը` մեկ ամիս ժամկետով։ Նրա նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, փաստաթղթեր կեղծելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքներով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







