Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+10°
  • Կապան+8°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 14:18

ՔՊ-ն կողմ է նախարարների աշխատավարձերի բարձրացմանը, բայց չափանիշները չի քննարկել

ՔՊ-ն կողմ է նախարարների աշխատավարձերի բարձրացմանը, բայց չափանիշները չի քննարկել

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության պատգամավորները հիմնավորել են պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը, սակայն չեն հստակեցրել՝ ինչպե՞ս է գնահատվելու նրանց աշխատանքի արդյունավետությունը՝ նշելով, որ այդ հարցը դեռ պետք է քննարկվի խորհրդարանում։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ Armenia Today-ի հարցերին պատասխանելիս հայտարարել են ՔՊ պատգամավորներ Տարոն Չախոյանն ու Էդուարդ Աղաջանյանը։ Խորհրրդարանական ճեպազրույցների ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։ 

Armenia Today-ի լրագրողը հետաքրքրվել է՝ բյուջեի լրացուցիչ ծախսերի դիմաց քաղաքացին ի՞նչ չափելի արդյունք է ստանալու, ո՞վ և ի՞նչ հրապարակային չափանիշներով է գնահատելու պաշտոնյաների աշխատանքը և ի՞նչ հետևանքներ են նախատեսված անբավարար արդյունքների դեպքում։

Չախոյանը հայտարարել է, որ աշխատավարձերի բարձրացումը պետք է դիտարկել ամբողջ պետական ապարատի վարձատրության համակարգի փոփոխության համատեքստում։ Ըստ նրա՝ խոսքը շուրջ 20 000 աշխատակցի մասին է, ոչ միայն նախարարների ու պատգամավորների։

Պատգամավորի փոխանցմամբ՝ նախ բարձրացվել են առաջին կարգի և ավագ մասնագետների աշխատավարձերը, ապա՝ բաժինների ու վարչությունների պետերի, փոխնախարարների և նախարարների պաշտոնային դրույքաչափերը։ Նա պարզաբանել է, որ պաշտոնյաների դրույքաչափերը փոխկապակցված են գործակիցներով, ուստի մի մակարդակում փոփոխությունը հանգեցրել է մյուսների աշխատավարձերի բարձրացմանը։ Չախոյանի խոսքով՝ փոխնախարարի վարձատրությունը չի կարող գերազանցել նախարարի կամ պատգամավորի վարձատրությանը։

«Եկեք հասկանանք՝ պատգամավորներ, նախարարներ, փոխնախարարներ, եթե այս մարդկանց թիվը հաշվենք, շուրջ 100, լավ, մաքսիմում՝ 120-150 են, բա այն 20 000-ը։ Այսինքն՝ հարցին ճիշտ մոտեցում ցուցաբերելով՝ կարող ենք ասել, որ պետական ապարատի աշխատողների աշխատավարձն է բարձրացել, խոսքը շուրջ 20 000 մարդու մասին է»,- նշել է նա։

Արդյունավետության գնահատման կոնկրետ չափանիշների մասին հարցին Աղաջանյանը պատասխանել է, որ նախատեսվում է ներդնել աշխատանքի արդյունավետության հիմնական ցուցանիշների՝ KPI-ի համակարգ։ Սակայն, նրա խոսքով, նախագիծը դեռ չի քննարկվել Ազգային ժողովում և կոնկրետ չափանիշներն իրեն հայտնի չեն։ Նա հավելել է, որ նախագիծը խորհրդարան հասնելուց հետո այդ հարցը կուղղեն գործընկերներին։

Աղաջանյանը նաև հայտնել է, որ վարչապետի աշխատակազմը նախկինում վարձատրության մակարդակով պայմանավորված՝ կադրերի արտահոսքի խնդիր է ունեցել։ Նրա խոսքով՝ պարգևատրման համակարգի ներդրումը ևս ուղղված էր այդ խնդրի լուծմանը։

Պատգամավորի գնահատմամբ՝ մրցունակ աշխատավարձերը կօգնեն պետական համակարգ ներգրավել որակյալ մասնագետների և բարելավել հանրային ծառայությունները։ Նա բարձր վարձատրությունը կապել է նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հետ՝ հղում անելով միջազգային փորձին։

«Կան պետություններ, որտեղ երկրի ղեկավարն ստանում է ամսական 300 000 դոլար աշխատավարձ և այլն։ Սինգապուր՝ օրինակ։ Եվ, վստահաբար, տեղյակ եք, որ Սինգապուրում ընդհանրապես կոռուպցիայի նկատմամբ հանդուրժողականության աստիճանը թերևս աշխարհում ամենացածրն է»,- նշել է նա։

Պատգամավորները նաև պնդել են, որ ներկայիս վարձատրության պայմաններում պետությունը չի կարող մրցել մասնավոր հատվածի հետ։ Քննարկման ընթացքում, որպես օրինակ, նշվել է մասնավոր ընկերությունում մինչև 20 մլն դրամ աշխատավարձ ստացող մասնագետին շուրջ 1 մլն դրամ աշխատավարձով նախարարի պաշտոնում ներգրավելու դժվարությունը։

Կառավարությունը սեպտեմբերի 17-ին հավանություն էր տվել վարձատրության համակարգի փոփոխությունների փաթեթին, որով նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից բարձրացնել բարձրաստիճան պաշտոնյաների և պետական համակարգի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը։

Նախարարի պաշտոնային դրույքաչափը նախատեսվում է գրեթե կրկնապատկել՝ 998 000-ից հասցնելով մոտ 2 միլիոն դրամի, պատգամավորինը՝ 832 000-ից մոտ 1,5 միլիոն դրամի։ Վարչապետի դրույքաչափը կկազմի շուրջ 2,66 միլիոն դրամ։ Նոր համակարգին անցնելու համար տարեկան կպահանջվի ավելի քան 25 մլրդ դրամ լրացուցիչ պետական բյուջետային միջոցներ։

2025-ի դեկտեմբերին ԶԼՄ-ները հայտնել էին նախարարների և նրանց տեղակալների՝ միլիոնավոր դրամների պարգևավճարների մասին։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 2026-ի հունվարին հաստատել էր, որ ստացել է 6-7 մլն դրամ պարգևավճար, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն ամսին հայտարարել էր, որ իր ամսական վարձատրությունն ավելացել է մոտ 1,5 մլն դրամով։ Մարտին կառավարությունը ևս 4,6 մլրդ դրամ էր հատկացրել պետական համակարգի աշխատակիցների պարգևատրման համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+