«Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության Հանրապետական խորհուրդը Հայաստանի անկախության 35-ամյակի առթիվ հայտարարություն է ընդունել։ Այդ մասին հայտնել է կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ ՀԱԿ-ը գործող իշխանություններին անվանել է անկախության և ազգային շահերի ամենամեծ սպառնալիքը։
Հայտարարության մեջ կուսակցությունը կոչ է արել համազգային միասնությամբ պաշտպանել Անկախության հռչակագիրը և մերժել նախատեսվող սահմանադրական փոփոխությունները։
ՀԱԿ-ը պնդել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն Ադրբեջանի ճնշման ներքո փորձում է վարկաբեկել Անկախության հռչակագիրը, թիրախավորում է Հայ Առաքելական եկեղեցին և բռնաճնշումներ իրականացնում քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։ Կուսակցության գնահատմամբ՝ իշխանությունները որդեգրել են Ադրբեջանի պահանջներին անվերապահորեն ենթարկվելու քաղաքականություն։
ՀԱԿ-ը քննադատել է նաև արտաքին քաղաքականությունը՝ պնդելով, որ ԵՄ-ին անդամակցությանն ուղղված քայլերը թուլացնում են Հայաստանի տնտեսական դիրքերը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ), իսկ «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի» (TRIPP) նախագիծը երկիրը դնում է Ադրբեջանից միակողմանի կախվածության մեջ։
Ներկայացնելով կուսակցության դիրքորոշումը՝ Զուրաբյանը հայտարարել է, որ իշխանությունների՝ իր բնորոշմամբ «բլոկային» քաղաքականությունը կարող է Հայաստանին ներքաշել «պրոքսի»՝ այլ ուժերի շահերով մղվող պատերազմների մեջ։
Նրա խոսքով՝ իշխանությունները չեն ներկայացրել Հայաստանի պարենային, ռազմական և էներգետիկ անվտանգության վերաբերյալ հաշվարկներ ու հիմնավորումներ։
«ԵՄ-ն չունի դեպի Հարավային Կովկաս ընդարձակման ծրագիր»,- նշել է նա։
Զուրաբյանի գնահատմամբ՝ TRIPP-ն սպասարկում է Ադրբեջանի, Թուրքիայի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Իսրայելի շահերը, մինչդեռ Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանն այն ընկալում են որպես «թշնամական»։
«Եթե մենք գնանք TRIPP-ի իրականացման ուղիով, կստանանք Հայաստան, որի ռազմավարական հաղորդակցման բոլոր ուղիները գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո»,- պնդել է Զուրաբյանը։
Հայտարարության մեջ ՀԱԿ-ն անդրադարձել է նաև անկախության առաջին տարիներին՝ դրական գնահատելով պետական ինստիտուտների ձևավորման, շուկայական տնտեսության անցման և Արցախյան առաջին պատերազմի ընթացքում այն ժամանակվա իշխանությունների քայլերը։
«Ցավոք, ղարաբաղյան առաջին պատերազմում տարած հաղթանակը և Արցախի ժողովրդի անվտանգության ստեղծված համակարգը հետագայում ոչնչացվեցին առավելապաշտական «ոչմիթիզական» պատրանքների պատճառով»,- ասված է հայտարարության մեջ։
Կուսակցության գնահատմամբ՝ այդ համակարգին վերջնական հարվածը հասցրել է Փաշինյանի կառավարությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







