«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում նախատեսում է գլեմփինգի գոտի և գյուղմթերքի շուկա ստեղծել, հայտարարել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Կարապետյանն այս մասին խոսել է Անկախության 35-ամյակի առթիվ Տիգրանաշենում կազմակերպված ծառատունկի ժամանակ։ Միջոցառումն ուղիղ հեռարձակել է Armenia Today-ի YouTube ալիքը։
Տիգրանաշենի բնակիչների կարիքներին կուղղվեն նաև Անկախության օրվա առթիվ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ստացած պարգևավճարները, հայտնել էր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Կարապետյանի խոսքով՝ առաջիկայում նախատեսում են դիմել շինարարության թույլտվություն ստանալու համար։ Նա պարզաբանել է, որ թույլտվությունը կպահանջվի միայն ռեստորանային հատվածի, ոչ թե ամբողջ տարածքի համար։ Ծառատնկված տարածքը հետագայում կարող է կոչվել «Անկախության այգի»։
«Այսօր մեր անկախության մարտահրավերը Տիգրանաշենն է՝ պահել Տիգրանաշենը հայկական, զարգացնել և ոչ թե հանձնել։ Զարգացում և ոչ թե հանձնում. սա է մեր հիմնական գաղափարախոսությունը»,– ասել է Կարապետյանը։
Նա նաև հայտնել է, որ կուսակցությունը նախատեսում է առանձին ընտանիքների ֆինանսական աջակցություն տրամադրել՝ կենցաղային խնդիրները լուծելու նպատակով։
Աբրահամյանը մանրամասնել է, որ ճանապարհամերձ շուկայում իրենց բերքը կկարողանան վաճառել նաև հարակից բնակավայրերի գյուղացիներն ու ֆերմերները։ Նրա խոսքով՝ առաջարկը մշակելիս հաշվի են առել Տիգրանաշենի դիրքը՝ դեպի Իրան, Վայոց ձոր և Սյունիք տանող ճանապարհին։
Պատգամավորը հավելել է, որ գլեմփինգի ծրագիրը նախատեսում է նաև ռեստորանային համալիր և հյուրանոցային ծառայություններ։
Աբրահամյանի փոխանցմամբ՝ խմբակցության ներկայացուցիչները մոտ երկու շաբաթ առաջ հանդիպել էին Տիգրանաշենի բնակիչների հետ, որոնք մտահոգված են իրենց ապագայով։ Նա ներկայացվող ծրագրերի նպատակը համարել է բնակավայրի զարգացման հնարավորությունները ցույց տալը։
«Տիգրանաշենը պետք է ապրի, Տիգրանաշենը պետք է զարգանա, ինչպես Հայաստանի Հանրապետության մյուս բնակավայրերը»,– հայտարարել է Աբրահամյանը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Գոհար Մելոյանը նշել է, որ Տիգրանաշենը ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենսդրությամբ Արարատի մարզի բնակավայր է, իսկ ՀՀ տարածքի փոփոխությունը կարող է իրականացվել միայն հանրաքվեի միջոցով։
Նրա խոսքով՝ Տիգրանաշենի հարցում պետք է խոսել զարգացման, ոչ թե հանձնման մասին։ Նա նաև ընդգծել է, որ խաղաղությունը չի կարող կառուցվել միակողմանի զիջումների հիման վրա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարել էր, որ Տիգրանաշենը և մյուս անկլավները չեն մտնում Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ։ Սեպտեմբերի 17-ին նա նշել էր, որ Տիգրանաշենի սահմանազատման մանրամասների կամ որևէ տարածք հանձնելու վերաբերյալ պայմանավորվածություն չկա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







