«Ճերմակ շապիկ» ֆիլմը վարձույթի առաջին իսկ շաբաթվա արդյունքներով ընդգրկվել է «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցում ցուցադրված հայալեզու ամենաեկամտաբեր ֆիլմերի լավագույն հնգյակում, հայտնել է «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցի ղեկավար, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ նման դիտելիություն ապահոված հայալեզու ֆիլմերի շարքում սա միակն է, որը չի պատկանում կենսագրական կամ կատակերգական ժանրերին։
Կարապետյանը նաև նշել է, որ ֆիլմի ստեղծման համար պետական բյուջեից որևէ գումար չի ծախսվել։
«Այս արդյունքը փաստում է, որ հայ հանդիսատեսը գնահատում է լավ աշխատանքն ու նոր որակ է պահանջում։ Այն նաև ապացուցում է, որ հայկական ֆիլմը կարող է շահութաբեր լինել նույնիսկ առանց հինգ րոպեն մեկ հայտնվող գովազդի»,- ասել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ այս արդյունքը նաև ցույց է տալիս, որ հայ հանդիսատեսը ցանկանում է դիտել ոչ միայն հայալեզու կատակերգություններ։
Ֆիլմի արտադրությամբ զբաղվել է MONK3 փրոդաքշնը։
Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Մարկը, գործարար Վահրամ Ստեփանյանի որդին է։ Ոչ սթափ վիճակում նա վրաերթի է ենթարկում մի տղամարդու, ինչից հետո իրադարձությունները ճակատագրական ընթացք են ստանում ֆիլմի բոլոր հերոսների համար։
Մարկի հայրը, որդուն հնարավոր պատժից ազատելու նպատակով, նրան տեղավորում է հոգեբուժարանում։ Այնտեղ Մարկը ծանոթանում է երկար ժամանակ հոգեբուժարանում գտնվող Սալլիի հետ և սիրահարվում նրան։
Սալլիին հոգեբուժարանից դուրս բերելու համար Մարկը կազմակերպում է նրանց փախուստը։ Երիտասարդները ճանապարհ են ընկնում՝ Սալլիի մորը գտնելու նպատակով։ Սակայն նրանց առջև բացվում է դժվարություններով և ծանր փորձություններով լի ճանապարհ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







