Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:45

Նախարարների աշխատավարձերը կկրկնապատկվեն․ պետբյուջեից՝ տարեկան ևս 25 մլրդ դրամ

Նախարարների աշխատավարձերը կկրկնապատկվեն․ պետբյուջեից՝ տարեկան ևս 25 մլրդ դրամ

Հայաստանում 2027 թվականի հունվարի 1-ից բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնային դրույքաչափերն զգալիորեն կբարձրանան։ Նախագծին կառավարությունը հավանություն է տվել սեպտեմբերի 17-ի նիստում։ 

Նախարարի վարձատրության դրույքաչափը կկրկնապատկվի՝ ներկայիս շուրջ 998 000 դրամից հասնելով գրեթե 2 մլն դրամի, պատգամավորինը՝ շուրջ 832 000-ից գրեթե 1,5 մլն դրամի, իսկ վարչապետի պաշտոնի վարձատրության դրույքաչափը կկազմի մոտ 2,66 մլն դրամ։ Վարձատրության նոր համակարգի համար պետական բյուջեից տարեկան լրացուցիչ ավելի քան 25 մլրդ դրամ կպահանջվի։ 

Իշխանությունները բարձրացումը հիմնավորում են պետական ծառայությունն ավելի մրցունակ դարձնելու և որակյալ մասնագետներ ներգրավելու անհրաժեշտությամբ։ Միաժամանակ՝ վճարումների մի մասը նախատեսվում է կապել պետական մարմինների աշխատանքի արդյունքների և աշխատակիցների անհատական արդյունավետության հետ։

Փոփոխությունները կվերաբերեն պետական համակարգի տասնյակ հազարավոր աշխատակիցների, այդ թվում՝ երկրի բարձրագույն ղեկավարությանը, կառավարության անդամներին, պատգամավորներին, դատավորներին և իրավապահ մարմինների ղեկավարներին։

Մասնավորապես՝

• վարչապետի պաշտոնային դրույքաչափը կավելանա մոտ 1,7 անգամ՝ 1,58 մլն դրամից մինչև 2,66 մլն դրամ,
• փոխվարչապետինը՝ մոտ 1,7 անգամ՝ 1,29 մլն դրամից մինչև 2,16 մլն դրամ,
• նախարարինը՝ 2 անգամ՝ 998 000 դրամից մինչև գրեթե 2 մլն դրամ,
• պատգամավորինը՝ մոտ 1,8 անգամ՝ 832 000 դրամից մինչև գրեթե 1,5 մլն դրամ,
• Սահմանադրական դատարանի նախագահինը՝ մոտ 1,8 անգամ՝ մինչև 2,41 մլն դրամ,
• Գլխավոր դատախազինը՝ մոտ 1,5 անգամ՝ մինչև 1,83 մլն դրամ,
• մարզպետինը՝ մոտ 1,75 անգամ՝ մինչև 1,46 մլն դրամ։

Հանրապետության նախագահի պաշտոնային դրույքաչափը կկազմի մոտ 2,66 մլն դրամ, Ազգային ժողովի նախագահինը՝ մոտ 2,5 մլն դրամ, Անվտանգության խորհրդի քարտուղարինը՝ մոտ 2,08 մլն դրամ։ Հաշվարկները կատարվել են նախագծով նախատեսված նոր դրույքաչափերի և գործող բազային աշխատավարձի հիման վրա։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ գնահատվելու են ինչպես պետական մարմնի աշխատանքի ընդհանուր արդյունքները, այնպես էլ յուրաքանչյուր աշխատակցի անհատական արդյունավետությունը։

Գերատեսչությունների առաջնահերթ խնդիրները նախատեսվում է կապել կառավարության ծրագրի նպատակների հետ, իսկ սահմանված ցուցանիշների կատարումը լրացուցիչ վարձատրության հիմք կդառնա։ Մեխանիզմը տարածվելու է ոչ միայն ղեկավարների, այլև մասնագիտական պաշտոններ զբաղեցնող աշխատակիցների վրա։

Կառավարությունում ակնկալում են, որ վարձատրության նոր համակարգը կբարձրացնի պետական ծառայության գրավչությունը և ավելի մրցունակ պայմաններ կստեղծի մասնագետների համար։ Խաչատրյանը բարեփոխման նպատակներից է նշել նաև պետական ծառայողների շարունակական ուսուցման համակարգի զարգացումը։

Փոփոխությունների առանձին փաթեթ վերաբերում է նաև տեղական ինքնակառավարման համակարգին։ Նախատեսվում է բարձրացնել համայնքների ղեկավարների պաշտոնային դրույքաչափերը և համայնքային ծառայողների համար ներդնել կատարողականի հիման վրա լրավճարներ։ Կառավարությունը դա կապում է համայնքների խոշորացման, լիազորությունների շրջանակի ընդլայնման և որակյալ մասնագետներ ներգրավելու անհրաժեշտության հետ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կառավարության նիստում հայտարարել է, որ հունվարի 1-ից համայնքների ղեկավարների և համայնքապետարանների աշխատակիցների աշխատավարձերն առնվազն կկրկնապատկվեն, իսկ որոշ համայնքներում՝ կեռապատկվեն։ Խուդաթյանի խոսքով՝ չմիավորված համայնքների ղեկավարների վարձատրությունը՝ ներառյալ լրացուցիչ վճարումները, կսկսվի մոտ 700 000 դրամից, միջինը կկազմի շուրջ 1 մլն դրամ, իսկ 75 000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքների ղեկավարներինը՝ շուրջ 1,2 մլն դրամ։ Բարձրացումը կվերաբերի նաև համայնքների ղեկավարների տեղակալներին և համայնքապետարանների աշխատակիցներին։

Առաջին երկու տարում պետությունը նախատեսում է փոխհատուցել համայնքներին, բացառությամբ՝ Երևանի, նման լրավճարների հետ կապված ծախսերը։ Այդ նպատակով պետական բյուջեից կարող է պահանջվել տարեկան մինչև 4,5 մլրդ դրամ։ Համայնքների սեփական բյուջեների ծախսերը կարող են ավելանալ ևս մինչև մոտ 3,5 մլրդ դրամով։ Ներկայացված փաստաթղթերում չի հստակեցվում՝ այս գումարները ներառվա՞ծ են Խաչատրյանի նշած ավելի քան 25 մլրդ դրամ լրացուցիչ ծախսերի մեջ, թե՞ նախատեսվում են առանձին։

Պաշտոնային դրույքաչափերի բարձրացմանը նախորդել էր պետական ծառայողների աշխատանքի արդյունքներով պարգևատրման նոր համակարգի փորձարկումը։ Հուլիսին կառավարությունը 5 մլրդ դրամ էր հատկացրել պետական ծառայողների պարգևատրմանը՝ կատարողականի գնահատման փորձնական համակարգի արդյունքներով։ Պաշտոնային դրույքաչափերի բարձրացումը, սակայն, լրացուցիչ վճարումների մեխանիզմը չի վերացնում։

2025-ի դեկտեմբերին ԶԼՄ-ները հայտնել էին նախարարների և նրանց տեղակալների՝ միլիոնավոր դրամների պարգևավճարների մասին։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 2026-ի հունվարին հաստատել էր, որ ստացել է 6-7 մլն դրամ պարգևավճար, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն ամսին հայտարարել էր, որ իր ամսական վարձատրությունն ավելացել է մոտ 1,5 մլն դրամով։ Մարտին կառավարությունը ևս 4,6 մլրդ դրամ էր հատկացրել պետական համակարգի աշխատակիցների պարգևատրման համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+