Իրանի հետ հակամարտությունն ամերիկացիներին կարժենա ամսական 2-3 մլրդ դոլար. պատերազմի առաջին հինգ ամսվա ընթացքում արդեն իսկ ծախսվել է 38 մլրդ դոլար, ասվում է Կոնգրեսի բյուջետային վարչության զեկույցում։
Վարչության վերլուծաբանների գնահատմամբ՝ Վաշինգտոնի վարչակազմի կողմից պահանջված ռազմական ֆինանսավորման ընդհանուր ծավալի ավելի քան կեսն արդեն իսկ ծախսվել է հակամարտության վրա։
Վարչությունը նաև հաստատել է, որ պատերազմն սպառել է ԱՄՆ-ի սպառազինության պաշարները, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի համար կենսական նշանակություն ունեցող որսիչ հրթիռները։
Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) տվյալներով՝ Իրանի դեմ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ն օգտագործել է հակաօդային և հակահրթիռային պաշտպանության առանցքային համակարգերի պաշարների զգալի մասը։
ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմն սկսել էին փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանն Իսլամաբադի միջնորդությամբ ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր մարտական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։
Հուլիսի 7-ի գիշերն ԱՄՆ-ն վերսկսել էր մասշտաբային հարվածներն Իրանին՝ մեղադրելով Թեհրանին Հորմուզի նեղուցի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ։ Օգոստոսի վերջին ԱՄՆ-ն և Իրանը վերսկսել էին ուղիղ հարվածների փոխանակումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







