Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Հորմուզի նեղուցի արևմտյան հատվածում MQ-1 անօդաչու թռչող սարք խոցելու մասին, հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
ԻՀՊԿ-ի հաղորդագրության համաձայն՝ անօդաչու թռչող սարքը հայտնաբերել և ոչնչացրել է Կորպուսի օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության նոր համակարգը, որը գործում է Իրանի միասնական ՀՕՊ ցանցի վերահսկողության ներքո։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) դեռևս չի մեկնաբանել ԻՀՊԿ-ի հայտարարությունը։
Նույն օրը ԻՀՊԿ-ն հայտնել էր նաև Հորմուզի նեղուցում ևս մեկ MQ-1 անօդաչու թռչող սարքի ոչնչացման, ինչպես նաև նեղուցի մուտքի մոտ ամերիկյան Dive-LD ստորջրյա անօդաչու սարքի առգրավման մասին։ ԱՄՆ-ն հաստատել էր միայն ստորջրյա սարքի կորուստը՝ այն բացատրելով տեխնիկական անսարքությամբ։
Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի տնտեսական և ռազմական ճնշման հետագա ուժեղացման դեպքում կարող է ընդլայնել Հորմուզի նեղուցում իր վերահսկողության տակ գտնվող սահմանափակ մուտքի գոտին։ Թեհրանը նաև նախազգուշացրել էր, որ առանց իր համաձայնության այդ գոտի մուտք գործող նավերը կարող են հայտնվել պատժամիջոցների ցանկում։
Կարդացեք նաև՝
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սահմանափակել իրանական չվերթերը դեպի Վրաստան
Իրանն ԱՄՆ-ին է ներկայացրել Հորմուզի նեղուցը բացելու յոթ պայման
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







