ՀՀ կառավարությունը ներկայացրել է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումները Երևանում և Հայաստանի 4 մարզում: Միջոցառումների ցանկին ծանոթանում ենք ԿԳՄՍ նախարարության պաշտոնական էջից։
Սեպտեմբերի 17-ին Իջևանի Շատրվանների հրապարակում ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ սիրված արտիստների մասնակցությամբ։ Համերգը կղեկավարի Դավիթ Մելքոնյանը։
Սեպտեմբերի 18-ին Վանաձորի Հայքի հրապարակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն արդեն սիրված և ճանաչված «Սիմֆոնիկ ռոք» և «Սիմֆոնիկ ֆոլկ» ծրագրերը։ Համերգը կղեկավարի Ջանլուկա Մարչիանոն։
Սեպտեմբերի 19-ին Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում տոնական տրամադրություն կապահովեն Հայաստանի լավագույն բենդերը։
Սեպտեմբերի 20-ին Գյումրու Թատերական հրապարակում ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ հանրապետության լավագույն կատարողների մասնակցությամբ։ Համերգը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը։
Մարզային բոլոր համերգները կմեկնարկեն ժամը 19:30-ին։
Գլխավոր համերգը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում։ Ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, «Կարեն Սևակ» բենդը և սիրված այլ արտիստներ։ Համերգի դիրիժորն է Սերգեյ Սմբատյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







