Սաուդյան Արաբիան ԱԹՍ-ների մի քանի հարձակումից հետո ժամանակավորապես դադարեցրել է Հորմուզի նեղուցը շրջանցող «Արևելք-արևմուտք» ռազմավարական նավթամուղի աշխատանքը, հայտնել է Սաուդյան Արաբիայի պետական SPA գործակալությունը՝ հղում անելով երկրի Էներգետիկայի նախարարությանը։
Պաշտոնական հաղորդագրությունում նավթամուղի վերագործարկման ժամկետի մասին չի հայտարարվել։
Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ նավթամուղը թիրախավորած ԱԹՍ-ներն արձակվել են Իրաքի տարածքից։ Միաժամանակ՝ հարձակման անմիջական պատասխանատուն պաշտոնապես չի բացահայտվել։
Իրաքի իշխանությունները հաստատել են, որ ԱԹՍ-ներն արձակվել են Իրանի սահմանին գտնվող Մայսան նահանգից։ Իրաքի վարչապետ Ալի Ֆալեհ Ալ-Զաիդին հրահանգել է հետաքննություն անցկացնել և պաշտոնից ազատել նահանգում ռազմական գործողությունները ղեկավարող հրամանատարին։ Իրաքի վարչապետի խնդրանքով՝ Էր Ռիադն առայժմ հրաժարվել է պատասխան հարվածից, սակայն հայտարարել է, որ պահպանում է իր ենթակառուցվածքները պաշտպանելու իրավունքը։
Մոտ 1200 կմ երկարությամբ նավթամուղը Սաուդյան Արաբիայի արևելյան հանքավայրերը կապում է Կարմիր ծովի Յանբու նավահանգստի հետ։ Reuters-ի տվյալներով՝ վերջին ամիսներին դրանով օրական տեղափոխվել է 4-5 մլն բարել նավթ՝ համաշխարհային մատակարարումների շուրջ 4-5 տոկոսը։
Շաբաթվա ընթացքում Brent և WTI տեսակի նավթը թանկացել է ավելի քան 8 տոկոսով:
Իրանագետ Վարդան Ոսկանյանի գնահատմամբ՝ Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցների նկատմամբ ազդեցության մեծացմամբ Թեհրանն իր վերահսկողության տակ է վերցնում համաշխարհային առևտրի երկու կարևոր ուղի։ Նրա խոսքով՝ այդ իրավիճակի ամրապնդումը կարող է Իրանը դարձնել բոլորովին այլ կշիռ ունեցող տարածաշրջանային գերտերություն։
Հութիները վերահսկողություն են հաստատել Եմենի ռազմավարական Մոչա նավահանգստի նկատմամբ և առաջխաղացել դեպի Հանիշ կղզիներ՝ սպառնալիք ստեղծելով Բաբ էլ-Մանդեբի նեղուցով նավարկության համար։ Հորմուզի նեղուցի փակ լինելու պայմաններում Սաուդյան Արաբիան նավթի արտահանման համար ապավինում էր Կարմիր ծովով անցնող երթուղուն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







