ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) գաղտնազերծել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներին առնչվող տվյալների փաթեթ, հայտնում է Associated Press-ը։
Հրապարակված նյութերը ներառում են 71 հետախուզական զեկույց, որոնք ի սկզբանե պատրաստվել էին ԱՄՆ նախագահի համար։ Փաստաթղթերն ընդգրկում են 1998 թվականի փետրվարից մինչև 2001 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածը՝ ներառելով Բիլ Քլինթոնի և նրա հաջորդի՝ Ջորջ Բուշի վարչակազմերի գործունեության տարիները։
Զեկույցները ցույց են տալիս, թե ժամանակի ընթացքում ինչպես է փոխվել ԿՀՎ-ի վերլուծաբանների գնահատականը «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման սպառնալիքի վերաբերյալ։ Դրանք նաև արտացոլում են խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենի գործողությունների և մտադրությունների մասին նախազգուշացնելու՝ ամերիկյան իշխանությունների ձեռնարկած փորձերը։
Ընդհանուր առմամբ հրապարակվել է 101 էջ։ Փաստաթղթերում առանձին հատվածներ խմբագրված են՝ գաղտնի տեղեկատվությունը չհրապարակելու նպատակով։
Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում նշել էին ողբերգական ահաբեկչությունների 25-ամյա տարելիցը։
2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի 19 անդամներ առևանգել են ԱՄՆ-ում չորս ուղևորատար ինքնաթիռ։ Դրանցից երկուսն ուղղվել են դեպի Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակները, որոնք այդ ժամանակ քաղաքի ամենաբարձր շենքերն էին, իսկ երրորդը՝ դեպի Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Պենտագոնի շենքը։
Չորրորդ ինքնաթիռը նույնպես, ենթադրաբար, ուղղվում էր դեպի ԱՄՆ մայրաքաղաք, սակայն կործանվել է Փենսիլվանիա նահանգի Շանկսվիլ քաղաքի մերձակայքում։
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է ընդհանուր առմամբ 2977 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







