Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրին։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության սեպտեմբերի 11-ի նիստում։ Փաստաթուղթը ենթակա է Ազգային ժողովի վավերացման։
Համաձայնագիրը սահմանում է երկու երկրի միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքներն ու ընթացակարգերը։ Այն ներառում է համագործակցության ոլորտներին ու ձևերին, գաղտնի տեղեկատվության պաշտպանությանը, երրորդ երկրներին վաճառքի կարգին, ինչպես նաև համատեղ հանձնաժողովի գործունեությանը վերաբերող դրույթներ։
Փաստաթուղթն ստորագրվել էր փետրվարի 26-ին՝ Վարշավայում՝ Հայաստանի պաշտպանության նախարարության և Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի միջև։
ՀՀ պաշտպանության նախարարության գնահատմամբ՝ համաձայնագրի վավերացումը հիմքեր կստեղծի երկու երկրի միջև ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման և պաշտպանական գերատեսչությունների միջև փոխգործակցության խորացման համար։
Հայաստանի և Լեհաստանի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության իրավական հիմքը դրվել էր 2004 թվականին՝ Վարշավայում ստորագրված միջկառավարական համաձայնագրով, որը ՀՀ Ազգային ժողովը վավերացրել էր 2005 թվականին։ Նոր փաստաթուղթը վերաբերում է անմիջապես ռազմատեխնիկական համագործակցությանը։
ՀՀ կառավարությունն օգոստոսի 27-ին որոշել էր Լեհաստանում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք սահմանել։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից՝ հավատարմագրման պաշտոնական ընթացակարգերն անցնելուց և Վարշավայի համաձայնությունն ստանալուց հետո։
Հայաստանը ռազմատեխնիկական համաձայնագիր ունի Ֆրանսիայի, Հունաստանի, Կիպրոսի և Չեխիայի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







