«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերն Իտալիայում մասնակցել են Մխիթար Աբբահոր ծննդյան 350-ամյակին նվիրված հոգևոր-մշակութային ծրագրին։
Սեպտեմբերի 8-ին Սուրբ Ղազար կղզում՝ Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնի և Մխիթարյան միաբանության հիմնադրման տարեդարձի առիթով, երգչախմբերը մասնակցել են գոհաբանական Սուրբ և Անմահ պատարագին։
Պատարագի ընթացքում «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերն առաջին անգամ կատարել են Կոմիտաս Վարդապետի՝ երկսեռ կազմի համար ներդաշնակած պատարագի երգերը։
Միջոցառմանը ներկա էին Վենետիկում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ և Իտալիայից ժամանած հյուրեր։
Սեպտեմբերի 12-ին ծրագիրը կշարունակվի Վենետիկի Սուրբ Մարկոսի Մայր տաճարում, որտեղ Սուրբ պատարագի ընթացքում կհնչի Կոմիտասի՝ երկսեռ կազմի համար գրված պատարագը։
Սեպտեմբերի 13-ին «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Փադովայում հանդես կգան հայ հոգևոր և աշխարհիկ երաժշտության մեծ համերգով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







