Դուբայում հիմնված միջազգային լոգիստիկ DP World ընկերությունը կարող է ներգրավվել Գյումրիի «չոր նավահանգիստ» նախագծում, հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և DP World-ի տնօրենների խորհրդի նախագահ Էսսա Քազիմը քննարկել են Հայաստանում ժամանակակից պահեստային և մուլտիմոդալ լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման հնարավորությունները, ինչպես նաև երկարաժամկետ համագործակցության հեռանկարները։
Գյումրիի «չոր նավահանգիստ» նախագիծը նախատեսվում է ինտեգրել «Շիրակ» օդանավակայանի, երկաթուղու և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ենթակառուցվածքներին։ Նախագծի շրջանակում նախատեսվում է ստեղծել մուլտիմոդալ լոգիստիկ հանգույց։
Դուբայ կատարած այցի շրջանակում Պապոյանը հանդիպել է նաև LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ղեկավարների հետ։ Կողմերը քննարկել են ցանցի հիպերմարկետներում և սուպերմարկետներում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ապահովելու հնարավորությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում B2B ձևաչափով հանդիպում կազմակերպելու մասին՝ LuLu Group International-ի ներկայացուցիչներին, հայկական արտադրողներին և նրանց արտադրանքին ծանոթացնելու նպատակով։ Ընկերությունը գործում է 22 երկրում և կառավարում ավելի քան 280 հիպերմարկետ ու սուպերմարկետ։
2024-ի հունվարին կառավարությունը հավանություն էր տվել Գյումրիի «չոր նավահանգստի» նախագծին, որը պետք է դառնա բազմամոդալ լոգիստիկ հանգույց։ Կառավարության ներդրումը նախատեսվում էր 37 մլն դոլար, իսկ ծրագրի իրականացումը՝ 5-7 տարում՝ օտարերկրյա օպերատորների ներգրավմամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







