Դատախազությունը Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից պահանջել է բռնագանձել 14 անշարժ գույք, 8 տրանսպորտային միջոց, մասնակցություն 10 իրավաբանական անձում և շուրջ 229 մլն դրամ (մոտ 600 000 դոլար)։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցը վարույթ է ընդունել Հակակոռուպցիոն դատարանը, հայտնել է Գլխավոր դատախազությունը։
Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձել 105 մլն 171 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ, և ևս 124 մլն դրամ, որը, ըստ գերատեսչության, չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
Ընդհանուր առմամբ՝ դրամական պահանջի չափը կազմում է շուրջ 229 մլն 171 հազար դրամ՝ չհաշված անշարժ և շարժական գույքը, ինչպես նաև իրավաբանական անձանցում մասնակցությունները։
Դավթյանը 2006-2009 թվականներին զբաղեցրել է Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը, իսկ 2009 թվականից՝ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։
Դավթյանը «Պալլադա Ծաղկաձոր» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցապատումն իրականացնող ընկերության հիմնադիրներից է և ունեցել է 25% բաժնեմաս։ 2023 թվականին Դավթյանն իր բաժնեմասը փոխանցել էր իր հետ փոխկապակցված անձի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







