Հայաստանը «շատ շուտով» կկորցնի Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը, Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը կորցնում է իր տնտեսական առավելությունները, մինչդեռ մի շարք երկրներ շարունակում են ձգտել անդամակցել Միությանը։
«Մեր սերբ բարեկամները, իսկ այժմ նաև մեր հայ գործընկերները, շարունակում են ասել՝ մենք ցանկանում ենք անդամակցել ԵՄ-ին։ Վստահ եմ, որ նրանց այդ ցանկությունը շատ շուտով կվերանա»,- հայտարարել է Լավրովը։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նույն համաժողովի ընթացքում հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Նա Հայաստանի՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցությունն անվանել է Երևանի ինքնիշխան իրավունքը։
«Իսկ մեր իրավունքն է որոշել, թե ի՞նչ արտոնություններ Հայաստանը կկորցնի ԵՄ-ի հետ մերձեցման դեպքում»,- ընդգծել է Օվերչուկը։
2025 թվականի մարտին ՀՀ Ազգային ժողովն ընդունել էր ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենք։ 2026 թվականի օգոստոսի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը մոտ ժամանակներս մտադիր է ԵՄ-ին անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնել։
Սեպտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է և կոչ էր արել Երևանին ավելի արագ կողմնորոշվել ընտրության հարցում։ Փաշինյանը չէր համաձայնել, որ այդ որոշումը պետք է կայացնել հիմա։ Նրա խոսքով՝ Հայաստանը դեռևս ԵԱՏՄ-ին անդամակցության իրական այլընտրանք չի ստեղծել, ուստի վերջնական ընտրություն կատարելու ժամանակը դեռ «չի հասունացել»։ Միաժամանակ՝ վարչապետն ընդգծել էր, որ Հայաստանը գործընկերներին չի տեղեկացրել ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրության մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







