Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան (AFA) հայտարարել է, որ ազգային առաջնության բոլոր դիվիզիոնների գալիք մրցաշրջանի խաղերը 10-րդ րոպեին կընդհատվեն 1 րոպե ծափահարություններով՝ ի պատիվ ազգային հավաքականում Լիոնել Մեսսիի կարիերայի։
«Հաջորդ խաղում տղամարդկանց և կանանց սպորտաձևերի բոլոր կատեգորիաներում՝ ֆուտբոլում, ֆուտզալում և լողափնյա ֆուտբոլում, խաղը կկանգնեցվի առաջին խաղակեսի 10-րդ րոպեից հետո, և մեկ րոպե ծափահարություն կանցկացվի՝ ի նշան Մեսսիի՝ Արգենտինայի ազգային հավաքականում կարիերայի»,- ասվում է AFA-ի հայտարարության մեջ։
10-րդ րոպեի ընտրությունը պայմանավորված է այն մարզաշապիկի համարով, որը Մեսսին երկար տարիներ կրել է Արգենտինայի հավաքականում։
Օգոստոսի 31-ին Մեսսին հայտարարել էր Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին։ Նա ազգային հավաքականում հանդես է եկել 2005 թվականից՝ անցկացրած 207 խաղում խփելով 125 գոլ։ Մեսսին թիմին առաջնորդել է դեպի հաղթանակ 2022 թվականի աշխարհի առաջնությունում և հասել 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ։ Նա նաև 2008 թվականին նվաճել է օլիմպիական ոսկե մեդալ, երկու անգամ դարձել Ամերիկայի գավաթի հաղթող (2021, 2024) և նվաճել 2022 թվականի Ֆինալիսիմայի գավաթը։
39-ամյա հարձակվողի վերջին խաղն ազգային հավաքականի կազմում 2026 թվականի հուլիսի 19-ին տեղի ունեցած աշխարհի առաջնության եզրափակիչն էր Իսպանիայի դեմ, որն ավարտվել էր Արգենտինայի պարտությամբ՝ 0։1 հաշվով։
Մեսսին ռեկորդային՝ ութ անգամ նվաճել է «Ոսկե գնդակը», երեք անգամ ճանաչվել ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ, վեց անգամ արժանացել Եվրոպայի առաջնությունների լավագույն ռմբարկուին շնորհվող «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին և երկու անգամ նվաճել է աշխարհի առաջնության «Ոսկե գնդակը»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







