Մոսկվան պատրաստ է Երևանի հետ քննարկել ցանկացած հարց, այդ թվում՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման տակ գտնվող «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) հետ կապված իրավիճակը, ՌԲԿ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Միևնույն ժամանակ, նա զարմանք է հայտնել, որ հայկական կողմն ի հայտ եկած հարցերը ռուս գործընկերոջ հետ քննարկելու փոխարեն անմիջապես հանրային դաշտ է տեղափոխում։
«Ցանկացած հարց, որը հետաքրքրում է հայերին, կարելի է քննարկել, այդ թվում՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման տակ գտնվող Հարավկովկասյան երկաթուղու հետ կապված իրավիճակը։ Մենք զարմանքով ենք լսում, թե ինչպես են այդ հարցերը գործընկերոջ հետ քննարկելու փոխարեն անմիջապես հանրայնացվում։ Մինչդեռ, եթե հարցեր են ծագել, կարելի է խոսել այդ մասին գործընկերոջ հետ»,- հայտարարել է Լավրովը։
Այս համատեքստում նա ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխվարչապետերի մակարդակով կանոնավոր շփումներ են իրականացվում։
ՌԴ ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է նաև երկաթուղու կառավարման պայմանների հնարավոր վերանայման և ռուսական կողմից վճարումներ պահանջելու վերաբերյալ Երևանից հնչող հայտարարություններին։ Նա նշել է, որ հայկական կողմի վերջին պահանջները զարմանք և «հույզեր» են առաջացնում նաև ռուսական կողմում։
Լավրովը պատասխանել է նաև հարցին, թե ինչպե՞ս Հայաստանի հետ հարաբերություններում «թույլ չտալ նույն սխալները», ինչպիսին, ըստ հարցադրողի, Ուկրաինայի պարագայում էր։ ՌԴ արտգործնախարարը նշել է, որ ռուսական կողմն «ամեն ինչ արել է»։
«Ներկայացրել ենք մեր բոլոր դիրքորոշումները, ինչպես նաև այն առավելությունները, որոնք Հայաստանն ստանում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից։ Մասնավորապես, Հայաստանը մեզնից էներգակիրներ է ստանում 3-4 անգամ ավելի էժան, քան Եվրամիությունում գործող գներն են։ Ելնում եմ նրանից, որ այնտեղ լավ տնտեսագետներ կան»,- հավելել է Լավրովը։
Հայաստանի երկաթուղին 2008 թվականից 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման է հանձնված «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականին հայտարարել էր, որ ռուսական կառավարման պատճառով պատժամիջոցային ռիսկեր են առաջանում Հայաստանի երկաթուղին միջազգային տրանսպորտային ցանցերին ինտեգրելու հարցում և առաջարկել էր կոնցեսիոն իրավունքը վաճառել երրորդ երկրի։
Հուլիսին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է «Ռուսական երկաթուղիներից» տարեկան 2 մլրդ դոլարի վճար պահանջել ՀԿԵ-ի օգտագործման համար, եթե ռուսական ընկերությունը չհրաժարվի կոնցեսիայից։
Օգոստոսին Ազգային ժողովում նա հայտնել էր, որ այն հնարավոր է վաճառել շուրջ 400 մլն դոլարով։ Ավելի ուշ վարչապետը պարզաբանել էր, որ այդ գումարի վերաբերյալ գրավոր առաջարկ չկա, և խոսքը հնարավոր ներդրողների հետ նախնական քննարկումների մասին է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







