Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության առաջին բաժնի առաջին կարգի երկու մասնագետ ազատվել է աշխատանքից՝ վերադասի առաջարկությամբ և սեփական դիմումների համաձայն, հայտնել են Երևանի քաղաքապետարանից։
Քաղաքապետարանից հայտնել են, որ որոշման հիմք է դարձել օգոստոսի 21-ին մամուլում և սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը, որում երևում է քաղաքապետարանի երկու կին աշխատակցի և հանրային տրանսպորտի ուղևորների միջև տեղի ունեցած վիճաբանությունը։
Աշխատակիցները վերահսկում էին, թե արդյոք ուղևորները վճարե՞լ են 150 դրամ ուղեվարձը։ Տեսանյութի տարածման օրը լրատվամիջոցները հայտնել էին, որ վեճը ծագել է ուղեվարձի վճարման շուրջ։
Տեսանյութում աշխատակիցներից մեկը, մատնացույց անելով, դիմում է ուղևորներից մեկին՝ ասելով․ «Ձայնդ չբարձրացնես»։ Վիճաբանության ընթացքում հնչում են նաև «ի՞նչ ես անելու», «կանեմ՝ կտեսնես» արտահայտությունները։ Կողմերը միմյանց ասում են նաև, որ ոստիկանություն կկանչեն։
Քաղաքապետարանը երկու աշխատակիցների վարքագիծը գնահատել է որպես ոչ պատշաճ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







