Կառավարությունը որևէ լիազորություն և Սահմանադրությամբ ամրագրված իրավասություն չունի եկեղեցու բարենորոգությունը կառավարության ծրագրի մաս դարձնելու, իր հայեցողությամբ եկեղեցականներին «առաջարկներ» և պահանջներ պարտադրելու, հայտարարություն է տարածել Հայ Առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդը։
Ժողովին մասնակցել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, հայաստանյան եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները։
Գերագույն հոգևոր խորհուրդը շեշտել է, որ Ազգային ժողովն իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման համար։
«Հայոց եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով, սպառնալիքներով և նման կամայականություններով»,- ասվում է հայտարարության մեջ։
Խորհուրդը մտահոգություն է հայտնել, որ հայրենիքի առջև ծառացած բազմապիսի մարտահրավերների և արտաքին վտանգաշատ պարտադրանքների պայմաններում իշխող ուժը սահմանված պարտականությունները կատարելու փոխարեն՝ կառավարության ծրագրի քննարկման ընթացքում, «ակնհայտորեն ոտնահարելով երկրի Մայր օրենքը, անտեսելով միջազգայնորեն ամրագրված իրավունքները, վերստին թիրախավորում է եկեղեցին»։
Գերագույն հոգևոր խորհուրդն արձանագրել է, որ Հայոց եկեղեցու շուրջ փորձ է արվում ձևավորել արհեստական օրակարգ։
«Սույն քաղաքականությունն անխուսափելիորեն հանգեցնելու է առկա լարվածության խորացմանը և նոր պառակտումների առջև է կանգնեցնելու մեր ժողովրդին հայրենիքում և Սփյուռքում»,- նշել են խորհրդի անդամները։
ԳՀԽ-ն շեշտել է, որ եկեղեցին վարկաբեկելու, եկեղեցականներին անվանարկելու և թվացյալ ճգնաժամ առաջ բերելու նկրտումներով իշխանությունները, ըստ խորհրդի, «ակնհայտ կեղծ մեղսագրումներ» են կատարում եկեղեցուն՝ վերջինիս մեղադրելով «օտար ազդեցության գործակալ» և «պետություն պետության մեջ» լինելու, ինչպես նաև Արցախի աղոթական հիշատակումով, արցախահայության իրավունքների, հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման և Բաքվում պատանդառված հայորդիների ազատ արձակման հարցերի արծարծմամբ՝ «պատերազմի կուսակցություն» և «անվտանգության սպառնալիք» հանդիսանալու մեջ։
«Ամեն ջանք ի գործ է դրվում Մայր Աթոռի, կաթողիկոսի և հոգևոր դասի դեմ շինծու մեղադրանքներով, անհիմն և ուղղորդվող քրեական հետապնդումներով արհեստական հիմքեր ստեղծել՝ ներեկեղեցական կյանքին ու կարգուկանոնին միջամտելու և Հայոց եկեղեցու ինքնավարությունը սահմանափակելու համար՝ այդպիսով ոտնահարելով հավատացյալների կրոնի և խղճի ազատության իրավունքը»,- նշել են հոգևորականները։
ԳՀԽ-ն իշխանությունների «հակաեկեղեցական իրական մտադրությունների» ցուցիչ է համարել նաև «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանրակրթական դպրոցից դուրս բերելը, ՀՀ Զինված ուժերում հոգևոր առաջնորդության լուծարումը, քրեակատարողական հիմնարկներում եկեղեցականների հոգևոր ծառայության կասեցումը, ինչպես նաև չհիմնավորված տույժերի և տուգանքների կիրառմամբ եկեղեցուն հավելյալ հարկերի պարտադրումը։
Հոգևոր խորհուրդը հավելել է, որ Հայոց եկեղեցին, հավատարիմ մնալով իր տերունավանդ առաքելությանը, մշտապես առաջնորդվել և առաջնորդվում է հայոց պետության և աշխարհասփյուռ հայ ժողովրդի շահերով։
«Հայոց եկեղեցին շարունակելու է լինել պաշտպանը մեր ինքնության, ջատագովը ազգային միաբանության՝ ամենայն ջանք գործադրելով հանուն մեր ժողովրդի խաղաղ, ապահով ու առաջընթաց կյանքի»,- եզրափակել է ԳՀԽ-ն։
Օգոստոսի 24-ին ՀՀ Ազգային ժողովը հաստատել էր կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը։ Այն կառավարության հավանությանն էր արժանացել օգոստոսի 20-ին։ Ծրագիրը հիմնված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նախկինում առաջ քաշված «Իրական Հայաստան» գաղափարախոսության, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի և երկրի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման գաղափարախոսության վրա։ Փաստաթղթում նաև ներառված են Գարեգին Բ-ին կաթողիկոսական գահից հեռացնելու և Հայ Առաքելական եկեղեցին բարեփոխելու խնդիրները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







