Ազգային ժողովն ընդունել է Հայաստանի կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը։ Կողմ է քվեարկել 63, դեմ՝ 24 պատգամավոր։ ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube-ի ալիքում։
Կառավարության ծրագրի քննարկումը մեկնարկել էր օգոստոսի 24-ին, չնայած ԱԺ-ն դեռ չէր ավարտել բոլոր մշտական հանձնաժողովների ղեկավար կազմի ձևավորումը։
Առաջին օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր Անկախության հռչակագրին հղում չպարունակող նոր Սահմանադրություն ընդունելու մտադրությունը, ինչպես նաև հայտարարել էր, որ ուրախ կլինի ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացման համար։ Փաշինյանը հայտնել էր նաև ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու նախապատրաստման մասին։
Փաշինյանն օգոստոսի 24-ին ԱԺ-ում անդրադարձել էր նաև օգոստոսի 20-ին Տիգրանաշենի վերաբերյալ իր հայտարարությանը, երբ ասել էր, որ սահմանազատման հիմքում դրված քարտեզներով Տիգրանաշենը՝ իր խոսքով «Քյարքին Հայաստանի տարածք չէ»։ Փաշինյանը խորհրդարանում նշել էր, որ Տիգրանաշենն անվանել էր «Քյարքի»՝ հայտարարելով, որ այդ անվանումն օգտագործում է «էսկալացիան բացառելու» համար։ Միաժամանակ Փաշինյանը նշել էր, որ անկլավների հարցի լուծման ձևը դեռ որոշված չէ՝ «ինչ սցենարով կլուծվի՝ բոլորովին ուրիշ հարց է»։
Վարչապետի ելույթից հետո ծրագրի քննարկումը շարունակվել էր պատգամավորների հարցերի և կառավարության ղեկավարի պատասխանների ձևաչափով։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները լքել էին Ազգային ժողովի նիստերի դահլիճը, երբ Փաշինյանը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ մի քանի անգամ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին դիմել էր աշխարհիկ անունով՝ Կտրիճ Ներսիսյան։
Կառավարությունն օգոստոսի 20-ին հավանություն էր տվել հնգամյա գործունեության ծրագրին։ Որոշման հիմնավորման համաձայն՝ ծրագիրը հիմնված է վարչապետի կողմից ավելի վաղ առաջ քաշված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, ինչպես նաև երկրի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի վրա։
Չնայած Փաշինյանի կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքներով չի ստացել սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնություն, կառավարության ծրագրով նախատեսվում է նոր Սահմանադրության ընդունում։ Փաստաթղթում նաև ամրագրված է կաթողիկոսի հեռանալուն և տեղապահի նշանակմանը հասնելու մտադրությունը։
Մինչև 2031 թվականը կառավարությունը նախատեսում է գործարկել TRIPP նախագծի երկաթուղային ենթակառուցվածքը, ինչպես նաև վերականգնել և շահագործման հանձնել Ախուրիկ-Թուրքիա և Երասխ-Նախիջևան երկաթուղային գծերը։
Ծրագրի արտաքին քաղաքական բաժնում խոսվում է Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխման մասին։
Սոցիալ-տնտեսական բաժնում կառավարությունը խոստանում է հինգ տարվա ընթացքում ստեղծել 125 000 նոր աշխատատեղ, աղքատության մակարդակը մոտ 22%-ից նվազեցնել մինչև 17% և ապահովել տարեկան միջինում 6% տնտեսական աճ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







