Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 17:10

Ռոբերտ Քոչարյանն ու Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են․ ՀԿԿ

Ռոբերտ Քոչարյանն ու Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են․ ՀԿԿ

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա որդուն` Սեդրակ Քոչարյանին, ձերբակալվել են, Armenia Today-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Թե ինչ վարույթով է, ՀԿԿ-ից չեն մանրամասնել։

Ավելի ուշ կոմիտեից տեղեկացրել են, որ քրեական վարույթի շրջանակում Քոչարյաններից բացի ձերբակալվել է ևս 4 անձ։ Ձերբակալվածների ընդհանուր թիվը 6 է։ 

Քոչարյանին և նրա հետ փոխկապակցված անձանց մեղադրում են նախկին նախագահի պաշտոնավարման տարիներին պետական գույքերը շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք բերելու, դրանց իրական պատկանելիությունն ու ենթադրյալ հանցավոր ծագումը քողարկելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։

Ըստ ՀԿԿ-ի վարկածի՝ Ռոբերտ Քոչարյանը, իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքն օգտագործելով, պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական ու տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։ Քննության տվյալներով՝ դրանց իրական պատկանելիությունն ու ենթադրյալ հանցավոր ծագումը քողարկելու նպատակով գույքերը ձևակերպվել են փոխկապակցված ընկերությունների անուններով, իսկ հետագայում կառուցապատվել, վաճառվել կամ փոխանցվել երրորդ անձանց։

ՀԿԿ-ն որպես այդպիսի գույքեր նշել է Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցներին հարող 8,33 հեկտար հողամասը, որտեղ կառուցվել է «Փլեյ Սիթի» ժամանցային կենտրոնը, Կասկադի հարակից 2 հեկտար հողամասը, Պարոնյան 8 հասցեի շենքը, «Կապուտակ Սևան» հանգստյան համալիրը, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող տարածքը, որտեղ հետագայում կառուցվել է «Օրանժ Ֆիթնես Պրեմիում» մարզական ակումբը։

Քննության տվյալներով՝ այդ գույքերի սեփականատեր ընկերությունների բաժնեմասերի մի մասը հետագայում ձևական գործարքներով կամ նվիրատվությամբ փոխանցվել է նախկին նախագահի որդուն կամ նրա հիմնադրած ընկերությանը։

Նախաքննությամբ տվյալներ են ստացվել նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու ենթադրյալ դեպքերի մասին։ ՀԿԿ-ի վարկածով՝ Վազգեն Սարգսյան 20 հասցեի Սպայի տան և Նալբանդյան 16 հասցեի կիսակառույց շինության՝ պետական սեփականությունից դուրսբերման և «Պիացա Գրանդե» ընկերությանն օտարման գործընթացը կազմակերպելու դիմաց նախկին նախագահին որպես կաշառք փոխանցվել է ընդհանուր 2,63 մլրդ դրամ արժողությամբ 56 անշարժ գույք։

Մեկ այլ դրվագով, ըստ ՀԿԿ-ի, Պաշտպանության նախարարությանը պատկանող հողամասերը նախկին նախագահի հետ մտերիմ անձի ընկերությանը շուկայականից չորս անգամ ցածր գնով վաճառելու և Հայաստանում «Տոյոտա» ընկերության ներկայացուցչության հիմնադրումն ապահովելու դիմաց նախկին նախագահին որպես կաշառք փոխանցվել է «Տոյոտա Երևան» ընկերության 30% բաժնեմասը։

ՀԿԿ-ն ուսումնասիրում է նաև նախկին նախագահի որդու անվամբ կատարված խոշոր դրամական փոխանցումները և վարույթին առնչվող անձանց ու նրանց ընտանիքների անդամներին պատկանող՝ Հայաստանում և արտերկրում գտնվող ավելի քան երեք տասնյակ անշարժ գույքերի ձեռքբերման հանգամանքները։

Ձերբակալություններին նախորդել էին այսօր առավոտյան սկսված խուզարկությունները՝ Քոչարյանների ընտանիքին պատկանող հասցեներում։ Իսկ խուզարկություններին նախորդել էր օգոստոսի 24-ին ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Քոչարյանի կրտսեր որդու՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բանավեճը։ Քոչարյանը Փաշինյանին մեղադրել էր դատական և իրավապահ համակարգին հրապարակային հրահանգներ տալու մեջ։ Նկատի ունենալով Փաշինյանին՝ նաև հարցրել էր․ «մեզ ասում են՝ «Արցախը կործանած, հազարավոր զոհեր բերած այդ պիղծ դավաճանն ինչպե՞ս է մինչև հիմա կարողանում պաշտոնավարել»։

Փաշինյանը, դիմելով Լևոն Քոչարյանին, հարցրել էր, թե ի՞նչ միջոցներով է իր ընտանիքը միլիոնատեր դարձել։

«Դուք տասը տարի իշխանություն էիք․ ես ութ տարուց ավելի վարչապետ եմ։ Ես ինչո՞ւ միլիոնատեր չեմ, դուք ինչո՞ւ եք միլիոնատեր։ Բացատրեք՝ այդ ունեցվածքը որտեղի՞ց ձեզ»,- ասել էր Փաշինյանը։

Նա ընդգծել էր, որ հարցն իր համար անձնական չէ։

«Իմ խնդիրն այն չէ, որ ինչ-որ մեկը միլիոնատեր է։ Իմ խնդիրն այն է, որ ինչ-որ մեկը միլիոնատեր է մեր ժողովրդի հաշվին։ Հատիկ-հատիկ ամեն ինչը պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը։ Սա իմ քաղաքական առաքելությունն է, պահանջն ու պարտավորությունը»,- հայտարարել էր վարչապետը։

Նախկին նախագահի գրասենյակում այսօրվա խուզարկություններն անվանել էին «իշխանությունների հերթական գրոհը» Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ։ Քոչարյանի թիմակիցները գործողությունները կապել էին Փաշինյանի երեկվա խոսքերի հետ, որոնք, նրանց գնահատմամբ, «ուղիղ հրահանգ էին իրավապահներին»։  

Թարմացված է՝ 25.08.2026 | 11։53

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+