ԱԺ հանձնաժողովների ղեկավարների ընտրության հարցում հնարավոր են տեխնիկական փոփոխություններ, ԱԺ-ում օգոստոսի 17-ին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
«Եթե նիստերը երկարեն, գուցե խնդիրներ առաջանան։ Պայմանավորվում ենք ընդդիմադիրների հետ, որպեսզի ԱԺ-ն արագ ձևավորվի»,- նշել է նա՝ ընգծելով, որ առջևում նախատեսվում է նաև Կառավարության ծրագրի քննարկումը։
Հովհաննիսյանի խոսքով՝ հանձնաժողովներն ամեն դեպքում ձևավորվելու են։
«Եթե անգամ մենք չհասցնենք ընտրել հանձնաժողովների ղեկավարներին, նիստերը կսկսեն, նիստերում կընտրեն տեղակալներին, որոնք էլ կկատարեն հանձնաժողովների նախագահների պարտականությունները»,- նշել է նա։
Ինչ վերաբերում է Կառավարության կառուցվածքի և ծրագրի քննարկումներին, ՔՊ պատգամավորը նշել է, որ օրենքով սահմանված է ԱԺ առաջին նիստից հետո 20-րդ օրը քննարկել այդ հարցը։
Խորհրդարանում Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների քննարկումները մեկնարկել էին օգոստոսի 10-ին։ Մինչ այս խորհրդարանում քննարկվել են 12 հանձնաժողովից 6-ի նախագահների թեկնածությունները։
ՔՊ խմբակցությունը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վիլեն Գաբրիելյանին, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Արուսյակ Ջուլհակյանին, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Արման Եղոյանին, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Բաբկեն Թունյանին։
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Հայկ Ֆարմանյանին, իսկ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Դավիթ Ղազինյանին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







