Կոտայքի մարզի դատախազությունը պատրաստվում է «խլել» «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ»-ի տարածքը, հայտնում է «Փաստինֆո»-ն։
Ըստ աղբյուրի՝ Կոտայքի մարզի դատախազությունը հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ աճուրդն անվավեր ճանաչելու, գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին։
Հայցադիմումներից մեկը ներկայացվել է ընդդեմ Աբովյան համայնքի, Գագիկ և Ջավահիր Ծառուկյանների, Արամ և Գայանե Սեդրակյանների, մյուսը՝ ընդդեմ Աբովյան համայնքի, Գագիկ Ծառուկյանի և «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ի։ Խոսքը«Առինջ մոլի» տարածքի մասին է, որը, ըստ ամենայնի, պատրաստվում են «խլել» Ծառուկյանից։
Քննչական կոմիտեն հուլիսի 21-ին կապարակնքել էր առևտրի կենտրոնում գտնվող 24 մանրածախ առևտրի տաղավար, որից հետո աշխատակիցներն ու ձեռնարկատերերը բողոքի ակցիա էին անցկացրել՝ պահանջելով բացել կնքված տաղավարները և վերսկսել շուկայի բնականոն գործունեությունը։
ԶԼՄ-ները հայտնել էին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է պետականացնել Ծառուկյանի բոլոր բիզնեսները, քննարկվում է նաև նրա տունը պետական սեփականություն դարձնելու հարցը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







