Կորսիկայի ասամբլեան բանաձև է ընդունել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին, հայտնում է կառույցի պաշտոնական կայքը։
Բանաձևով ասամբլեան իր լիակատար համերաշխությունն է հայտնել Ադրբեջանում կամայականորեն պահվող հայ գերիներին և նրանց ընտանիքներին։ Փաստաթղթում դատապարտվել են նրանց նկատմամբ իրականացվող «կամայական դատավարությունները» և կոչ է արվել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ քաղաքական բանտարկյալներին։
Պատգամավորները նաև վերահաստատել են արցախահայության՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը համապատասխան հայրենիք անվտանգ և անարգել վերադառնալու իրավունքը։ Գերիների նկատմամբ իրականացվող դատավարություններն ասամբլեան անվանել է կամայական։
«Կոչ ենք անում Եվրամիությանը, նրա ինստիտուտներին, պետություններին և այն կազմող բոլոր քաղաքական ուժերին կիրառել բոլոր քաղաքական, դիվանագիտական և իրավական միջոցները՝ միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումն ապահովելու և քաղաքական բանտարկյալների ազատ արձակմանը հասնելու համար»,- նշվում է հայտարարության մեջ։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Արցախի նախկին առաջնորդները 2025 թվականի դեկտեմբերին դատապարտվել էին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատ արձակման հնարավորությունը։ Հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունն սկսվել էր հունիսի 9-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







