ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է զինծառայողին ծեծի ենթարկելու մասին տարածված տեղեկությունը։
«Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել առողջական այլ խնդրով»,- նշել են գերատեսչությունից:
Պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին ուղեկցել հոսպիտալ՝ տեղում իրականությանը ծանոթանալու նպատակով:
ՊՆ-ից հավելել են, որ զինծառայողը ներկայումս գտնվում է դիտարկման և հետազոտման փուլում, նրա առողջական վիճակը լավ է, անհանգստացնող որևէ խնդիր չկա։
Այսօր ավելի վաղ իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը հայտնել էր, որ հուլիսի 22-ին դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող Ա․Հ-ն։
Նա նշել է, որ դեպքը տեղի է ունեցել Ջերմուկի զորամասում, մոտ մեկ շաբաթ առաջ, սակայն քրեական գործ չի հարուցվել։ Ալեքսանյանի տվյալներով՝ զինվորի վիճակն այնքան ծանր էր, որ ստիպված էին տեղափոխել Կանազի հոսպիտալ։
«Մայրը որդուն տեսել է անճանաչելի վիճակում, դեմքը դեֆորմացված, հալուցինացիաների մեջ։ Զինվորը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ՝ հոգեկան առողջական խնդիրներով։ Մոր տեղեկություններով՝ ծեծի հեղինակն սպայական կազմից է»,- գրել է իրավապաշտպանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



