Ֆրանսիայում շարունակվող անտառային հրդեհների պատճառով վատթարացել է օդի որակը Նոր Ակվիտանիա տարածաշրջանում, գրում է Le Figaro-ն՝ հղում անելով առողջապահության տարածաշրջանային գործակալությանը։
Ժիրոնդ, Լանդեր, ինչպես նաև Լո և Գարոն դեպարտամենտներում հուլիսի 27-ին օդում միկրոմասնիկների խտությունը գերազանցել է այն շեմը, որի դեպքում անհրաժեշտ է իրազեկել բնակչությանը։
Հուլիսի 28-ի գիշերը Ժիրոնդում, որտեղ հուլիսի 22-ից շարունակվում է ուժգին անտառային հրդեհը, հրշեջներին, ընդհանուր առմամբ, հաջողվել է իրավիճակը վերահսկողության տակ պահել։ Հրդեհից այրված տարածքի մակերեսը կազմում է 42 000 հեկտար։ Կրակն ավերել է 420 շինություն, տարհանվել է մոտ 220 000 մարդ։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 2750 հրշեջ, 1500 զինվորական և իրավապահ մարմինների 1440 աշխատակից: Տուժել է 93 հրշեջ։
Շոգի նոր ալիքի պատճառով դեպարտամենտի իշխանությունները հուլիսի 28-ին կարգադրել են Լականո համայնքի ճամբարներից տարհանել 4000 զբոսաշրջիկի։
Ֆրանսիայում հունիսի 22-28-ն ընկած շաբաթվա ընթացքում երկիրը համակած անոմալ շոգի հետևանքով մահացել է ավելի քան 2000 մարդ։
Անտառային հրդեհները մոլեգնում են նաև Իսպանիայում, որտեղ վերջին օրերին ավելի քան 170 000 մարդ ստիպված էր կա՛մ տարհանվել, կա՛մ սահմանափակել տեղաշարժը։ Երեքշաբթի օրն իշխանությունները հայտնել էին Մադրիդի մերձակայքում իրավիճակի բարելավման մասին, թեև հրդեհը դեռևս չի վերցվել վերահսկողության տակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



