Ավելի քան 450 բեռնատար մեքենա սպասում է Վերին Լարս անցակետով ելքին, հայտնել է Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունը։ Որպես ուշացումների պատճառ՝ գերատեսչությունը նշել է վրացական կողմից ավտոմեքենաների ընդունման տեմպերի նվազումը։
Մաքսային ծառայության տվյալներով՝ Ռուսաստանից ելքի մոտ բեռնատար տրանսպորտի թողունակությունը դանդաղել է վրացական կողմից մեքենաների ընդունման տեմպերի անկման պատճառով։ Անցակետերի միջև ընկած չեզոք գոտի ժամանակին դուրս գալու անհնարինության հետևանքով տրանսպորտային միջոցներն սկսել են կուտակվել անցակետի դիմաց և հարակից սպասման հարթակներում։
Վերջին ամիսներին ռուս-վրացական Վերին Լարս անցակետը շարունակում է մնալ հայկական արտահանման հիմնական երթուղիներից մեկը։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը մի շարք սահմանափակումներ է մտցրել Հայաստանից արտադրանքի մատակարարումների համար, ներառյալ՝ ծաղիկները, ալկոհոլը, «Ջերմուկ» հանքային ջուրը, ձուկը, կորիզավոր պտուղները, խաղողը, իսկ հունիսի 12-ից՝ բոլոր տեսակի կարանտինային արտադրանքի ներմուծման և Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ դրանց տարանցման վրա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







