«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Սթոուն», «Մուլտի Գրանդ», «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցների և Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցներն ակցիաներ են անցկացրել՝ պահանջելով վերսկսել իրենց աշխատանքը։ Ակցիաների ուղիղ հեռարձակումը վարել է Armenia Today-ի YouTube-յան ալիքը։
Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ աշխատակիցները չպետք է տուժեն իրավապահ մարմինների՝ ընկերությունների սեփականատիրոջն ուղղված պահանջների պատճառով և իշխանություններին կոչ են արել թույլ տալ ձեռնարկություններին վերսկսել աշխատանքը։
«Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցների խոսքով՝ հուլիսի 6-ին, երբ իրենք գնացել էին աշխատանքի, ձեռնարկության դարպասները կապարակնքված էին։ Աշխատակիցները հայտարարել են, որ արդեն ութերորդ օրն է՝ հարկադիր պարապուրդի են մատնված և որևէ պարզաբանում չեն ստացել աշխատանքի վերսկսման ժամկետների վերաբերյալ։
Ակցիայից հետո աշխատակիցները շարժվել են Աբովյանի քննչական բաժնի ուղղությամբ՝ հայտարարելով Երևան-Սևան մայրուղին փակելու մտադրության մասին, եթե իրենց պահանջները չկատարվեն ու գործարանը հնարավորինս շուտ չվերսկսի աշխատանքը։
«Շաբաթ օրը «շաբաշ» արել, գնացել տուն, երկուշաբթի եկել ենք՝ ոստիկանությունը չի թողել, ասել է՝ փակ է, գնացեք տուն, ձեզ հավելյալ տեղյակ կպահենք, բայց 70 աշխատող ունենք, ամեն մեկը տան հոգս ունի, վարկ ունի ու բոլոր հարցերը․․․»,- հայտարարել է ընկերության սղոցավարը։
Նրանց խոսքով՝ ձեռնարկությունների աշխատանքի դադարեցումը քաղաքական բնույթ ունի, իսկ դրա հետևանքները հարվածում են շարքային աշխատակիցներին, ոչ թե ընկերությունների սեփականատիրոջը։ Նրանք նաև հիշեցրել են, որ հենց «Մուլտի Սթոուն» գործարանում է պատրաստվել Հիսուս Քրիստոսի արձանի քարը։
«Հիսուս Քրիստոսի մշակվող քարերը հենց մեր գործարանից է։ Եթե այստեղից հումքը չի ուղարկվում այնտեղ, իհարկե աշխատանքը կանգնած է։ Աշխարհով մեկ խայտառակ վիճակ է։ Եթե իրենք հարց ունեն Ծառուկյանի հետ, թող նստեն բանակցելու, աշխատողներն ի՞նչ մեղավոր են»,- նշել են նրանք։
Առանձին ակցիա են անցկացրել Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցները։ Նրանք պահանջել են թույլ տալ ձեռնարկությանը շարունակել աշխատանքը քննչական գործողություններին զուգահեռ։
Աշխատակցուհիներից մեկի խոսքով՝ առանց եկամտի է մնացել ավելի քան 500 աշխատակից, իսկ ձեռնարկության աշխատանքի դադարեցման հետևանքներն ազդել են նրանց ընտանիքների շուրջ 1500 անդամի վրա։ Նա հիշեցրել է, որ եկամտից զրկված շատ աշխատակիցներ վարկեր են մարում և ընտանիքներ պահում։ Նրա խոսքով՝ կոմբինատի ղեկավարությունը չի կարողանում մարդկանց բացատրել, թե երբ կբացվի ձեռնարկությունը։
«Ժողովուրդը ոչ մի բանում մեղավոր չէ, պետք չէ մուռը ժողովրդի վրա հանել։ Այս հարցը պետք է շատ ավելի քաղաքակիրթ ձևով լուծվի։ Հուզված եմ, որովհետև սա իմ ընտանիքն է, ես մտածում եմ բոլորի մասին, բայց ոչինչ չեմ կարող անել։ Այս խնդիրը պետք է լուծվի պետական մակարդակով։ Խնդրում եմ՝ սա ցույց տվեք, որպեսզի բոլորը տեսնեն ու հասկանան, որ շուրջ 500+1500 մարդ զրկվել է աշխատանքից և հայտնվել ծանր սոցիալական վիճակում»,- ասել է նա։
Աշխատակցուհին պետական մարմիններին կոչ է արել լսել աշխատակիցներին և մարդկանց չթողնել առանց ապրուստի միջոցի։
Կոմբինատի շշալցման բաժնի մեկ այլ աշխատակցուհի Գայանե Իսպիրյանը հայտարարել է, որ աշխատակիցներն աջակցում են Ծառուկյանին, սակայն իրենց համար գլխավոր հարցն աշխատատեղերի պահպանումն է։ Նա հիշեցրել է, որ ձեռնարկությունը շարունակել է աշխատել նույնիսկ կորոնավիրուսի համավարակի ժամանակ, և կոչ է արել իրավական գործընթացներն իրականացնել առանց տնտեսության և բնակչության համար ցնցումների։
«Ինչո՞ւ պետք է ժողովուրդը հարկադիր պարապուրդի գնա, ո՞վ է այս ամենի մեղավորը։ Նույնիսկ քովիդի ժամանակ գործարանը մի րոպե չի դադարել աշխատել։ Մեզ տուն ուղարկողը գործատուն չէ, սա արվում է պետական մակարդակով, հետևաբար՝ պատասխանատվությունը կրում է պետությունը»,- հայտարարել է նա։
Անվտանգության ծառայության աշխատակիցները նաև զգուշացրել են արտադրական ռիսկերի մասին։ Նրանց խոսքով՝ բարձր ջերմաստիճանի պատճառով հումքը կարող է փչանալ, իսկ մասնագետների՝ սարքավորումներին և սպիրտով տարաներին հասանելիություն չունենալը բարձրացնում է վթարների ռիսկը։ Նրանք կոչ են արել թույլ տալ անձնակազմին մուտք գործել ձեռնարկություն՝ տեխնոլոգիական գործընթացները վերահսկելու համար։
«Գործարանի պատմության մեջ նման դեպք երբևէ տեղի չի ունեցել։ Առավոտյան աշխատանքի ենք եկել, մեզ հայտնել են, որ ներս մտնել չենք կարող, քանի որ ստուգումներ են իրականացվում։ Կարծում էինք՝ ստուգումները կավարտվեն, և աշխատանքը կվերսկսվի, սակայն բոլորիս դուրս բերեցին ու հայտարարեցին, որ այլևս գործարան մուտք գործել չենք կարող։ Սա պայթյունավտանգ արտադրություն է, որտեղ մեծ քանակությամբ սպիրտի պաշարներ կան։ Մեզ չեն թույլատրում որևէ սպասարկման աշխատանք կատարել, ինչի հետևանքով գործարանն աստիճանաբար կանգնում է ոչնչացման վտանգի առաջ»,- ասել է նա։
Ակցիայի մասնակիցներից մեկը կատարվածը բիզնեսի նկատմամբ ճնշման ձև է անվանել և հայտարարել, որ ապագայում ցանկացած գործարար կարող է հայտնվել նման իրավիճակում։ Նրա կարծիքով՝ վիճահարույց հարցերը պետք է լուծել բանակցությունների սեղանի շուրջ՝ աշխատակիցներին փողոցում չթողնելով։
«Կա բանակցությունների սեղան։ Կարելի է այդ սեղանի շուրջ հավաքվել ու ինչ-որ լուծում տալ։ Հուսով եմ՝ իմ երկրի ղեկավարույթունն ականջալուր կլինի մեր ձայնին»,- նշել է նա։
«Մուլտի Ռեստ Հաուս»-ի տնօրենը հայտարարել է, որ տեղի ունեցածն իրենց համար անսպասելի էր։
«Հարյուրավոր աշխատակիցներ մնացին առանց աշխատանքի, իսկ հյուրերին առավոտյան ժամը 7:30-ին դուրս բերեցին համալիրից։ Քոթեջներն ու ամբողջ ամառային հատվածը մնացին կիսատ վիճակում՝ չհասցնելով անգամ կարգի բերել դրանք հյուրերի մեկնելուց հետո»,- ասել է նա։
Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի բնակարանում, ինչպես նաև ավելի քան 70 ընկերությունում խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին, հուլիսի 7-ին 2 ամսով կալանավորել խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով։ Իրավապահները հրապարակել էին Ծառուկյանի ձերբակալման տեսանյութը, որում Ծառուկյանին տապալել էին գետնին։
«Մուլտի Ուելնես» մարզաառողջարարական համալիրի աշխատակիցներն ու հաճախորդները հուլիսի 11-ին ակցիա էին անցկացրել՝ ի աջակցություն կալանավորված քաղաքական գործչի։ Մասնակիցների խոսքով՝ շուրջ 150 աշխատակից արդեն վեցերորդ օրն է՝ հարկադիր պարապուրդի է մատնված, իսկ մոտ 4000 հաճախորդ չի կարող օգտվել համալիրի ծառայություններից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







