Իսրայելն ընդլայնել է իր ցամաքային գործողությունը Լիբանանում՝ իրականացնելով վերջին քառորդ դարի ընթացքում ամենախորը ներթափանցումը երկրի տարածք, իր հերթին՝ «Հեզբոլլահն» ուժգնացրել է հարվածներն Իսրայելի հյուսիսի ուղղությամբ, հայտնել է Bloomberg գործակալությունը։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ «ոչինչ չի կարող արդարացնել Լիբանանում իսրայելական ռազմական գործողությունների շարունակումը և լիբանանյան տարածքի ավելի ու ավելի խորացող օկուպացիան»՝ չնայած Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքի ճանաչմանը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները՝ նշելով, որ «ոչինչ չի արդարացնում լուրջ էսկալացիան Լիբանանի հարավում»։ X սոցիալական ցանցում նա ընդգծել է տարածաշրջանային առաջնորդների հետ խորհրդակցություններից հետո ԱՄՆ-ի և Իրանի միջև շուտափույթ համաձայնագրի հասնելու անհրաժեշտությունը։
Մայիսի 31-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը X սոցիալական ցանցում հայտնել է, որ իսրայելական բանակը գրավել է խաչակիրների Բոֆոր ամրոցը։ Նրա պնդմամբ՝ խոսքն Իսրայելի ուժերի անվտանգության ապահովման համար կարևորագույն ռազմավարական կետերից մեկի մասին է։
«Սա հստակ ազդանշան է մեր թշնամիներին. նա, ով սպառնում է Իսրայելի քաղաքացիներին, մեկը մյուսի հետևից կորցնելու է իր ռազմավարական օբյեկտները»,- գրել է Կացը։
Երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական բանակին հրամայել է ընդլայնել գործողությունները Լիբանանում։ Մասնավորապես, Նեթանյահուն կարգադրել է խորացնել և ընդլայնել Իսրայելի վերահսկողությունն այն վայրերում, որոնք նախկինում վերահսկվում էին «Հեզբոլլահի» պաղեստինյան խմբավորման կողմից։
Իսրայելի պաշտպանության բանակի տարածած հայտարարության համաձայն՝ Լիբանանի հարավում գտնվող Բոֆորի լեռնաշղթայում իրականացվող գործողության նպատակը «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների և զինյալների ոչնչացումն է։ Բացի այդ, Իսրայելը գործողություններ է իրականացնում Լիբանանի հարավային Նաբաթիա քաղաքի մոտակայքում և պատրաստ է անհրաժեշտության դեպքում ընդլայնել հարձակումը։
Bloomberg-ը նշել է, որ իրավիճակի սրումը տեղի է ունենում հակամարտության կարգավորման շուրջ Իրանի և ԱՄՆ-ի բանակցություններում ստեղծված փակուղու ֆոնին։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 2-ից ի վեր զոհվել է 3371 մարդ, ավելի քան 10 000-ն ստացել է վնասվածքներ։
Գործակալությունը հավելում է, որ Բեյրութը պահանջում է կրակի ամբողջական դադարեցում, իսկ Թել Ավիվը պնդում է Լիբանանի հարավում «Հեզբոլլահին» լիակատար արմատախիլ անելու երաշխիքներ տալ։ Թեհրանն, իր հերթին, պահանջել է, որ ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնագիրը նախատեսի նաև Լիբանանում հակամարտության դադարեցում։
Ավելի վաղ՝ ապրիլի կեսերին, ԱՄՆ միջնորդությամբ Վաշինգտոնում կայացել էին Իսրայելի և Լիբանանի դեսպանների նախնական խորհրդակցությունները, որոնք վերջին 30 տարվա ընթացքում երկու երկրների ներկայացուցիչների առաջին ուղիղ բանակցություններն էին՝ ուղղված հակամարտության կարգավորման քայլերի քննարկմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







