«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը քննադատել է գործող իշխանությունների հայտարարությունները բազմամիլիարդանոց ներդրումների վերաբերյալ և խոստացել երկրում ստեղծել արհեստական բանականության ու բարձր տեխնոլոգիաների հատուկ գոտի:
Կարապետյանի խոսքով՝ ներկայումս գործարարների նկատմամբ հարյուրավոր քրեական գործեր են հարուցվում, իսկ նրանց ընտանիքները ենթարկվում են հետապնդումների ու ճնշումների, ինչի հետևանքով բիզնես միջավայրում տոտալ վախի մթնոլորտ է ձևավորվել։
«Բոլոր բիզնեսմենները վախեցած են, ես չեմ էլ հասկանում՝ ինչից են վախեցած»,- նշել է նա։
Անդրադառնալով իշխանությունների անգործությանը՝ դաշինքի առաջնորդը հիշեցրել է սեփական փորձը և շեշտել, որ այս տարիների ընթացքում բազմաթիվ գործարաններ ու ձեռնարկություններ է հիմնել, մինչդեռ գործող վարչակազմը որևէ արդյունք ցույց չի տվել։
«Ութ տարի այս մարդիկ գտնվում են իշխանության ղեկին և այդ ընթացքում մի հավաբուն անգամ չեն սարքել»,- ընդգծել է նա՝ հակադարձելով ներդրումների մասին պաշտոնական թեզերին:
Որպես զարգացման այլընտրանքային ուղի՝ Կարապետյանը հայտարարել է հատուկ տեխնոլոգիական գոտիների և համալսարանների հիմնման ծրագրի մասին, որոնք կզբաղվեն արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների ոլորտում բարձրակարգ կադրերի պատրաստմամբ: Ըստ նրա՝ այս ուղղությունների զարգացումը դառնալու է երկրում խոստացված 300 000 նոր և բարձր վարձատրվող աշխատատեղի ստեղծման գլխավոր բազաներից մեկը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







