«Ժողովուրդն է մեղավոր, որովհետև միասնական չէ։ Բաժանված են տարբեր խմբերի, փոխանակ մտածեն հողի մասին, որը շատ դժվար ենք ձեռք բերել, բայց հիմա շատ հեշտ զիջել ենք»,- մտահոգվել է քաղաքացիներից մեկը։Հարցվածներից որոշների կարծիքով՝ քաղաքացիներն ի վիճակի չեն պայքարել կամ փորձել կարգավորել այս հարցը, քանի որ այն պետության գործառույթն է։ Նրանց կարծիքով՝ բավարար ջանքեր չեն գործադրվում այդ ուղղությամբ։
«Պատասխանատուն մեր երկրի ղեկավարությունն է։ Ոչ մի բան չի արվում, լուռ հետևում են, թե ինչպես է վերանում մեր նախնիների թողած ժառանգությունը»,- կարծիք է հայտնել քաղաքացին։Մի մասն էլ կարծում է, որ գոյություն ունեն համապատասխան միջազգային կառույցներ, որոնք էլ պետք է զբաղվեն Արցախի մշակութային ժառանգության հետագա պահպանության հարցով, քանի որ ՀՀ-ն ֆիզիկական և իրավական որևէ ազդեցություն չունի դրա վրա։
«Կան բազմաթիվ միջազգային կառույցներ, որոնք հնարավորություն ունեն առնվազն մոնիթորինգ անել, որովհետև մենք տարբեր ինֆորմացիաներ ենք ստանում տարբեր աղբյուրներից։ Մոնիթորինգը կարևոր է, և իդեալական կլինի, եթե հայ փորձագետները ևս մասնակցեն դրան»,- իրավիճակն այսպես է բացատրել քաղաքացին։Հարցված քաղաքացիները ցավում են կատարվածի համար, բայց չեն տեսնում հնարավոր լուծման եղանակներ։
«Ինքս մշակույթի ոլորտում եմ ու չեմ ուզում պատկերացնել, թե ո՞ւր է տանում այս ոչնչացումը, դա ինձ համար սարսափելի է»,- խիստ մտահոգություն է հայտնել մեկ այլ քաղաքացի։Հարցվածներից մեկը, ով սփյուռքի ներկայացուցիչ է, այս ամենը կանխատեսելի է համարել և ցավ հայտնել իրավիճակի կրկնության համար։
«Դա նոր բան չէ, Նախիջևանում խաչքարերն էին կոտրել, քանդել ամեն ինչ։ Ես ծնվել, մեծացել եմ սփյուռքում ու հասկանում եմ մշակույթի կարևորությունը։ Ցավոք, նույն զգացողությունը չունեմ Հայաստանում․ այստեղ մեծացողները մի քիչ անտարբեր են»,- այսպիսի տեսակետ է արտահայտել քաղաքացին։Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







