«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ապրիլի 25-ը որակում է ոչ թե Քաղաքացու օր, ինչպես իշխանություններն են ներկայացնում, այլ խաբված քաղաքացու օր:
Կարապետյանը նշել է, որ եթե հրաշք տեղի ունենա, և վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլևս չկարողանա խաբել, ապա այսօր երեկոյան տոնին դուրս գալով բեմ՝ կասի. «Ժողովո՛ւրդ, ուզում եմ ձեզ ասել, որ ինչ խոսք եմ տալիս հիմա՝ տալիս եմ նրա համար, որ երրորդ ժամկետով մնամ, այն ժամկետի, որի դեմ պայքարել ենք 8 տարի առաջ»:
Կարապետյանը նշել է, որ 2021-ին Փաշինյանը նախընտրական խոստում է տվել, որ աղքատությունը կնվազեցնի 2 անգամ, բայց չի արել դա՝ այլ բաներով է զբաղվել:
Կարապետյանի խոսքով՝ իշխանությունները կառավարման այս փուլի ավարտին կենսաթոշակն ընդամենը 10 000 դրամով են բարձրացրել՝ հուսալով ստանալ աղքատության մեջ հայտնված 600 000 քաղաքացիների ներողամտությունը։
«Կասի՝ «հարևան երկրի հետ պայմանավորվել եմ, որ դեռ չկրակի, ես իր ամբողջ պահանջները կկատարեմ, միայն մինչև ընտրություններ չկրակի, որ աթոռս պահպանեմ: Այդ ժամանակ հա՛մ Սահմանադրություն կփոխեմ, հա՛մ հնարավորություն կտամ, որ իրենք ադրբեջանցիներին բերեն, Հայաստանում բնակեցնեն»: Նա կարող է նաև ասել. «Ժողովո՛ւրդ, ես խոսք էի տվել, որ ձեր գրպանը չեմ մտնի, բայց բոլորիդ ընտանիքների վրա վերջին 8 տարվա ընթացքում 10 000 դոլարի վարկ եմ վերցրել»: Այդ ժամանակ ինձ շատ հետաքրքիր է, թե ի՞նչ կպատասխանի մեր խաբված ժողովուրդը», — նշել է Կարապետյանը:
ՀՀ կառավարությունը 2019 թվականի մարտի 21-ին հավանություն էր տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքի փոփոխություններին, որոնցում առաջարկվել էր սահմանել Քաղաքացու օրը՝ որպես նոր տոն։ Այն նշվում է ապրիլի վերջին շաբաթ կամ կիրակի օրը։ Քաղաքացու օրն ստեղծվել է Փաշինյանի կառավարման տարիներին՝ հենց նրա նախաձեռնությամբ։ Իշխանությունների մեկնաբանությամբ՝ տոնի անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններով:
Այս տարի Քաղաքացու օրը նշում են ապրիլի 25-ին: Քաղաքացիները Երևանի կենտրոնական փողոցներում խորոված են պատրաստում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







