ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել OpenAI ընկերության և նրա ChatGPT արհեստական բանականության գործիքի նկատմամբ։ Ընկերությունը կասկածվում է զանգվածային հրաձգություն իրականացրած անձին «զգալի խորհրդատվություն» տրամադրելու մեջ, հայտնել է The Guardian-ը։
Նահանգի գլխավոր դատախազ Ջեյմս Ութմեյերն ապրիլի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ գերատեսչությունը դատական ծանուցագրեր է ուղարկել տեխնոլոգիական հսկային։ Հետաքննության նպատակն է պարզել, թե որքանով է չաթ բոտն ազդել ենթադրյալ հանցագործի որոշումների վրա։
«Եթե էկրանի մյուս կողմում լիներ ոչ թե ծրագիր, այլ մարդ, մենք նրան սպանության մեղադրանք կառաջադրեինք»,- հայտարարել է Ութմեյերը։
Հետաքննության առիթը նախորդ տարվա ապրիլին Ֆլորիդայի պետական համալսարանում տեղի ունեցած ողբերգությունն էր, որի հետևանքով զոհվել էր 2, վիրավորվել՝ 6 մարդ։ Ըստ իրավապահների՝ հրաձգության մեջ մեղադրվող Փենիքս Իկները հանցագործությունից առաջ «մշտական կապի մեջ էր ChatGPT-ի հետ»։
Նշվում է, որ չաթ բոտը «հրաձիգին» տեղեկություններ է տրամադրել զենքի և զինամթերքի տեսակների վերաբերյալ, խորհուրդներ տվել, թե որ զենքն է ավելի արդյունավետ կարճ հեռավորության վրա և նույնիսկ հուշել, թե որտե՞ղ կարելի է գտնել մարդկանց ամենամեծ կուտակումները։
OpenAI-ի ներկայացուցիչ Քեյթ Ուոթերսն, իր հերթին, հայտարարել է, որ ընկերությունը պատասխանատվություն չի կրում տեղի ունեցածի համար։
«ChatGPT-ին տրամադրել է փաստացի պատասխաններ հարցերին, որոնք կարելի է գտնել համացանցի բաց աղբյուրներում։ Այն չի խրախուսել կամ խթանել անօրինական կամ վնասակար գործողություններ»,- նշված է ընկերության հայտարարության մեջ։
OpenAI-ում նաև ընդգծել են, որ շարունակում են համագործակցել իրավապահների հետ։
Սա առաջին դեպքը չէ, երբ OpenAI-ի և Google-ի դեմ հայցեր են ներկայացվում՝ ԱԲ չաթ-բոտերի միջոցով մարդկանց ինքնասպանության կամ սպանության դրդելու մեղադրանքով։ Ֆլորիդայի դատախազությունը մտադիր է պարզել, թե ո՞վ է նախագծել համակարգի նմանատիպ պատասխանները և արդյոք հնարավո՞ր էր կանխել դրանք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







