Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններ են ընթանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի մասնակցությամբ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ կողմերը ժամանակ ունեն մինչև վաղը՝ արևելյան ժամանակով 20:00-ն (Երևանի ժամանակով ապրիլի 8-ի ժամը 04:00-ն)։ Նա ընդգծել է, որ աշխատանքները շարունակվում են և, իր գնահատմամբ, ամեն ինչ լավ է ընթանում։
Նախագահի խոսքով՝ Ուիթկոֆն ու Վենսն անմիջականորեն ներգրավված են բանակցային գործընթացում։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ էին հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







