Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն, նրան բողոքի նոտա է հանձնվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպմանը բողոք է արտահայտվել Ռուսաստանի պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման հարցերի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Կոնստանտին Զատուլինի հայտարարության կապակցությամբ:
Հաղորդագրություններում նշվում է, որ Զատուլինը տևական ժամանակ հանդես է եկել Ադրբեջանի «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ», բացահայտ աջակցություն է ցուցաբերել անջատողականությանը, ինչպես նաև «փորձել է խեղաթյուրել» Բաքվում հայ գերիների նկատմամբ «դատավճիռները»:
Զատուլինը «Լազարևյան ակումբի» խորհրդի անունից փետրվարի 5-ին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում գերի ընկածների նկատմամբ Բաքվի հաշվեհարդարը բռնապետության և դավաճանության ամոթալի հաղթանակ է: Ակումբն անդրադարձել էր Արցախի գերի վերցված առաջնորդների նկատմամբ Բաքվում կայացված դատավճռին։ Հայտարարության մեջ նշվում էր, որ Բաքուն դատապարտել է Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







