Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնին:
Փրկարար ծառայությունը նաև տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Մեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Բերդ-Ճամբարակ, Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







