«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն աննախադեպ հետևողականությամբ են պաշտպանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատավարձի ու պարգևավճարների հարցը։
Նա իշխանություններին հորդորել է նախ լուծել աղքատության խնդիրը, ապա միայն մտածել հավելավճարների մասին։
«1 դրամ աշխատավարձն արդար հատուցում է այն երկրի ղեկավարի համար, որտեղ 500 000 աղքատ մարդ կա։ Դա անգամ շատ է»,- նշել է Կարապետյանը։
Որպես օրինակ՝ նա մատնանշել է հոր՝ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի փորձը, ով տարիներ շարունակ իր աշխատավարձը փոխանցել էր մանկատների սաներին՝ որպես օժանդակություն կյանքի մեկնարկի համար։ Կարապետյանի համոզմամբ՝ երկրի ղեկավարները պետք է առաջնորդվեն հենց այս սկզբունքով։
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նոր գրասենյակի բացման ժամանակ նա անդրադարձել է նաև տնտեսական խնդիրներին՝ առաջարկելով ընդհանրապես չհարկել փոքր բիզնեսը։
Ըստ նրա տվյալների՝ թեև փոքր բիզնեսը կազմում է հարկատուների ավելի քան կեսը (շուրջ 60 հազար ընկերություն), դրա մասնաբաժինը բյուջեի եկամուտներում կազմում է ընդամենը 2%։ Կարապետյանի պնդմամբ՝ գործող հարկային բեռը խոչընդոտում է փոքր ձեռնարկությունների զարգացմանն ու դրանց վերափոխմանը միջին բիզնեսի։
Կարապետյանի փոխանցմամբ՝ շարժման հաջորդ ռազմավարական ծրագիրը վերաբերում է բնակարանային հասանելիությանը, որի մանրամասները կհրապարակվեն ընթացիկ շաբաթվա ընթացքում։
«Շատ երիտասարդներ ամուսնությունը հետ են գցում, քանի որ բնակֆոնդի խնդիր կա, իսկ Երևանում տները բավականին թանկացել են։ Կհայտարարենք, թե ինչ ենք առաջարկելու երիտասարդներին և մեր քաղաքացիներին՝ մատչելի տուն ձեռք բերելու համար»,- նշել է նա։
Շարժումը նախատեսում է ներկայացնել նաև թոշակառուների սոցիալական ապահովությանն ուղղված նախագիծ, որը հիմնված է տարածաշրջանային արդյունավետ փորձի վրա։
«Շատերը գնում են Վրաստան, այնտեղից են դեղամիջոցներ գնում, որովհետև մատչելի է։ Վրաստանի համակարգը ներդնելու ենք այստեղ»,- մանրամասնել է Կարապետյանը։
Նա հավելել է՝ այս բոլոր ծրագրերի հիմնական նպատակն է Հայաստանում ստեղծել բարձր վարձատրվող աշխատատեղեր, ինչը քաղաքացուն հնարավորություն կտա ինքնուրույն ընտրություն կատարել ձեռներեցության և վարձու աշխատանքի միջև։
«Մեր ձևով» շարժման համակարգողը հավելել է, որ կամավորների թիվը ժամը 13։00-ի դրությամբ՝ գերազանցել է 20 000-ը։
Կարապետյանը հունվարի 15-ին հայտարարել էր, որ առաջիկա ընտրություններում «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի նախաձեռնած քաղաքական ուժի հաղթանակի դեպքում Հայաստանի վարչապետը կստանա տարեկան 1 դրամ աշխատավարձ և պարգևավճարների իրավունք չի ունենա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







