Հայկական կողմը 2026 թվականին նախատեսում է իր բոլոր մաքսային անցակետերում հասնել «տեխնիկական և բովանդակային հագեցվածության նոր մակարդակի»՝ TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկի շրջանակներում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես հայտնել է կառավարության լրատվական ծառայությունը, վարչապետն ընդգծել է ՊԵԿ-ի աշխատանքը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում, «քանի որ գործունեության մեծ դաշտ է բացվելու»։
Փաշինյանի խոսքով՝ վաշինգտոնյան համաձայնությունների բերումով հայկական կողմը ժամանակակից բոլոր տեխնոլոգիաներին հասանելիության հնարավորություն ունի, և այդ տեխնոլոգիաները Հայաստանին օգնելու են ավելի որակով իրականացնել աշխատանքը։
«Ընդ որում՝ մենք զարգացումներ ենք սպասում ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլև Հայաստան-Թուրքիա սահմանին»,- ասել է վարչապետը։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել Սյունիքով անցնող ճանապարհ, որն ապաշրջափակվելու է «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի» ծրագրով։ Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







